ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ 3 կազմակերպության Գործադիր խորհրդի նախագահ

ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ  3 կազմակերպության Գործադիր խորհրդի նախագահ

PanARMENIAN.Net - Հունվարի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանն ընտրվել է կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) Գործադիր խորհրդի նախագահ` մեկ տարի ժամկետով:

Անդամ պետությունների ներկայացուցիչներից բաղկացած Գործադիր խորհուրդը միաձայն հավանություն տվեց դեսպան Զոհրաբ Մնացականյանի թեկնածությանը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից տրված մանդատի համաձայն` Գործադիր խորհրդի հիմնական գործառույթներն են հիշյալ երեք գործակալություններին միջկառավարական աջակցության տրամադրումն ու գործունեության ընդհանուր վերահսկողության իրականացումը: Խորհրդի պարբերական նստաշրջանները գումարվում են տարեկան երեք անգամ, որոնց ընթացքում Խորհրդի կողմից քննարկվում և որոշումներ են կայացվում օրակարգային հարցերի շուրջ` տարբեր երկրներում գործակալությունների ծրագրերի արդյունավետ կատարումն ապահովելու նպատակով:

«2016-ը Գործադիր խորհրդի և գործակալությունների համար առանցքային տարի է լինելու զարգացման նոր օրակարգի իրականացման առումով. մեկնարկելու են միջազգային հանրության կողմից ամիսներ առաջ ընդունված կայուն զարգացման նպատակների իրագործմանն ուղղված աշխատանքները: Առաջիկա տարին հատկանշական է նաև գործակալությունների Ռազմավարական ծրագրերի միջնաժամկետ վերանայման, ինչպես նաև ՄԱԿ զարգացման համակարգի արդյունավետության գնահատմանն ուղղված անդամ-երկրների հիմնական քաղաքական գործիքի` Քաղաքականության քառամյա համապարփակ դիտարկման գործընթացի տեսանկյունից՝ ի թիվս այլ կարևոր օրակարգային հարցերի», - նշել է իր խոսքում դեսպան Զոհրաբ Մնացականյանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) Գործադիր խորհուրդը, որին Հայաստանն անդամակցում է 2014 թվականից, 2015թ.-ի հունիսին հաստատել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Բնակչության հիմնադրամի հայաստանյան նոր ծրագրերը (2016-2020թթ.):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---