// IP Marketing video - START// IP Marketing video - END

Նախարար. Մոնոպոլիաների դեմ չենք պայքարելու, իսկ ՓՄՁ-ներն իրենց «խելքից» են փակվում

Նախարար. Մոնոպոլիաների դեմ չենք պայքարելու, իսկ ՓՄՁ-ներն իրենց «խելքից» են փակվում

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը փետրվարի 3-ին ամփոփել է 2015-ի կարևորագույն տնտեսական իրադարձություններն ու խոսել 2016-ին սպասվող զարգացումների և տնտեսության խնդիրների մասին:

Անդրադառնալով փոքր և միջին ձեռնարկությունների խնդիրներին, Ճշմարիտյանը, մասնավորապես, հայտարարել է, որ Հայաստանում ՓՄՁ-ները փակվում են իրենց «խելքից»։

«Հայ գործարարին պետք է բացատրել մարքեթինգի տարրական կանոնները իմանալու համար` եթե կա ավելի ուժեղ մրցակից, ինչ պիտի անի ինքը։ Արտասահմանում խոշոր սուպերմարկետների կողքին գործում են փոքրիկ խանութներ։ Նրանք հաջողության են հասնում, որովհետև չեն կրկնում ապրանքային տեսականին կամ էլ վաճառում են նույնը որակային տարբերությամբ»,- մեջբերում է Ճշմարիտյանի խոսքերը Sputnik-Հայաստան ռադիոկայանը։

«Եթե մենք մեզ շուկայական տնտեսություն ենք համարում, փակված ձեռնարկություններ մեզ մոտ լինելու են», - ասել է նա, գրում է ARKA գործակալությունը:

Այնուամենայնիվ, կառավարությունը պլանավորում է նրանց բաժինը երկրի ՀՆԱ-ում հասցնել 40%-ի 2018 թվականին` ներկա 27-28%-ի փոխարեն, հայտնել է նախարարը:

Անդրադարձ է եղել նաև ավիատոմսերի գնի խնդրին: Դիտարկմանը, թե Վրաստանում տոմսերի գներն ավելի էժան են, քան Հայաստանում, Ճշմարիտյանը պատասխանել է, որ կան բազմաթիվ ուղղություններ, որտեղ թռնելը Հայաստանից ավելի էժան է:

«Զուտ աշխարհագրորեն, երբ արևմուտքից արևելք ես գալիս, պետք է որոշակի տարբերություն լինի: Եթե Թբիլիսիից Դուբայ տոմսը լիներ ավելի էժան, քան Երևանից Դուբայը, հարց կառաջանար, կամ եթե նույն ավիակերոսինը տեղափոխվեր Իրանից, Հայաստանից, ոչ թե գար Բաթումիով, միգուցե նույն հարցն առաջանար։ Այսինքն` կան օբյեկտիվ հիմքեր, որ պետք է Հայաստանում տոմսի գինը մի քիչ ավելի թանկարժեք լինի: Մենք չենք ուզում, որ ինչ-որ մի ընկերության սուբսիդավորենք, քանի որ Վրաստանում 10 դոլար էժան է տոմսը»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

Դիտարկմանը, թե գների տարբերությունն իրականում շատ ավելի մեծ է, նախարարը պատասխանել է.

«Նախ, որպեսզի որոշեք, որտեղ է ավելի էժան ու թանկ, պետք է ստուգել համացանցով, ոչ թե հարևանի խոսքերին վստահել: Տոմսի գնի դեպքում կարևոր է ժամանակը, տոմսի կարգը, ավիաընկերությունը, այդ ժամանակվա ընթացքում ինչ ակցիաներ են իրականացնում ավիաընկերությունները, որքան է կազմում նավթի գինը: Այդ բոլոր գործոնները պետք է գրենք, նոր որոշենք, մասնագետներն անում են այդ աշխատանքը ու տարվա համար կհրապարակեն թվեր: Բայց նման բաները բաց երկնքի քաղաքականության հետ մի կապեք ու նայեք և համեմատեք մեկ տարի առաջ գները ու հիմա»:

Խոսելով մենաշնորհների մասին, Ճշմարիտյանը հայտարարել է, որ «մոնոպոլիաների դեմ պայքար կառավարությունը չի տարել ու չի տանելու», գրում է Times.am-ը:

«Օրենսդրությունն ուղղված է մոնոպոլ դիքերի չարաշահմանը, այլ ոչ թե՝ մոնոպոլիաների գոյությանը: Իսկ մենաշնորհային ընկերություններ միշտ էլ եղել են, ինչ է դրանք պիտի փակե՞ինք: Եթե կա ներմուծման չարաշահում, ապա ըստ օրենքի՝ պետության կողմից պետք է լինի ադեկվատ պատասխան», - եզրափակել է էկոնոմիկայի նախարարը:

 Ուշագրավ
«Հայաստանցի գինեգործներին հաջողվել է հատկապես նռան գինին հասցնել բոլորովին նոր՝ բարձր մակարդակի»,-ասվում է գրառման մեջ
Ընդհանուր առմամբ ցուցակում 17 նոր ընկերություն է ընդգրկվել
Մասնավորապես հակակարկտային ցանցերի մասով կառավարությունը փորձում է խրախուսել դրանց կիրառումը