ՏՄՊՊՀ նախագահ. Բենզինի գնագոյացման վրա հարկերի ազդեցությունը մեծ է

ՏՄՊՊՀ նախագահ. Բենզինի գնագոյացման վրա հարկերի ազդեցությունը մեծ է

PanARMENIAN.Net - Բենզինի շուկան մշտապես գտնվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Այս մասին լրագրողներին ասել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

«Լայնածավալ ուսումնասիրություններ ենք իրականացնում պետական գնումների ոլորտում, իհարկե ուշադրության կենտրոնում են այն շուկաները որտեղ կան խոշոր ընկերություններ»,- նշել է նա, գրում է Panorama.am-ը:

Հարցին, թե ինչն է պատճառը, որ Ռուսաստանում և Վրաստանում բենզինն ավելի էժան է, քան Հայաստանում, Շաբոյանն ասել է, որ չի կարող մեկնաբանել Ռուսաստանի կառավարության քաղաքականությունը ներքին շուկայում վարվող գների վերաբերյալ:

Ըստ նրա, հայկական ընկերությունները բենզին ներկրում են ռուսական ընկերություններից, սակայն այս պահին չի կարող ասել, թե «Ռոսնեֆտ» ընկերությունն ի՞նչ գնով է Հայաստանին բենզին մատակարարում. «Դիմեք Հանձնաժողովին և այդ տեղեկատվությունը մեկ կամ երկու օրվա ընթացքում կտրամադրեն»:

Հարցին, թե հնարավո՞ր է` Հայաստանի հարկային դաշտում գործող խոշոր հարկերն են պատճառը, որ ներկրող ընկերությունները չեն իջեցնում բենզինի գինը, Շաբոյանը պատասխանել է .

«Իհարկե, հարկերն նշանակություն ունեն, էական ազդեցություն են թողնում գնագոյացման գործընթացի վրա: Ես բազմիցս նշել եմ, որ Հայաստանում վաճառվող բենզինի վերջնական գնի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է 8 տոկոս, այսինքն` բավական փոքր է և դա պայմանավորված է նրանով, որ մենք ռուսական շուկայից ենք ձեռք բերում:

Ռուսաստանում հարկերը մեծ կշիռ ունեն բենզինի գնի մեջ, բացի այդ, տեղափոխման ծախսեր են կատարվում և այնուհետև մեր երկրում նույնպես բենզինը մեծ չափով հարկվում է, և հարկերը մեծ տեսակարար կշիռ են, որոնք, բնականաբար, իրենց ազդեցությունն են թողնում գների մակարդակի վրա»:

Շաբոյանը դեռ փետրվարի 4-ին հայտարարել է, որ 2015-ին բենզինի սակագինը նվազել է մոտ 28%-ով:

«Մեր ուսումնասիրության արդյունքներով, 2015-ի ընթացքում բենզինի գները նվազել են, 470 դրամից հասնելով 390-ի: Եթե դոլարային արտահայտությամբ վերցնենք,ապա բենզինի գները շատ ավելի են նվազել, քանի որ բենզինը հանդիսանում է այն ապրանքը, որ իրացվում է հայկական դրամով և ներմուծվում է ամերիկյան դոլարով: Այդ պատճառով հայկական դրամի փոխարժեքի արժեզրկումը շատ կարևոր նշանակություն ունի»,- ասել է Շաբոյանը՝ հավելելով, որ եթե 2014-ից թվերը դիտարկենք, ապա գները շատ ավելի են նվազել՝ 480-ից հասնելով 390 դրամի:

Նա նաև նկատել է՝ եթե դոլարային կտրվածքով դիտարկենք, ապա բենզինի գները նվազել են մոտ 28%-ով: ՏՄՊՊՀ նախագահն ասել է նաև, որ պարբերաբար ուսումնասիրում են բենզին ներմուծող ընկերությունների՝ «Ֆլեշ» և «Սի փի էս»-ի գործունեությունը: Շաբոյանի խոսքերով՝ 2008-ի համեմատ բենզին ներկրող խոշոր ընկերությունների թիվը հինգից նվազել է երկուսի: ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց, որ այս շուկայում մրցակցության սահմանափակման երևույթներ չկան, մուտքի խոչընդոտներ` նույնպես:

Շաբոյանը հայտնել է, որ ուսումնասիրել են նաև տարբեր երկրներում իրավիճակը. մասնավորապես Մեծ Բրիտանիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Չեխիայում նախորդ տարի բենզինի գները նվազել են 7-10%-ով, իսկ 2015-ին եվրոյով արտահայտված բենզինի գները ՀՀ-ում նվազել են 14%-ով:

Կարդացեք նաև՝ Ով որքան է վաստակում բենզինի վաճառքից Հայաստանում և Վրաստանում

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---