Սեյրան Օհանյանն Արցախում ծանոթացել է հակամարտ զորքերի շփման գոտում տիրող իրավիճակին

Սեյրան Օհանյանն Արցախում ծանոթացել է հակամարտ զորքերի շփման գոտում տիրող իրավիճակին

PanARMENIAN.Net - Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում Արցախ այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ եղել է բանակային բնագծի մի շարք հատվածներում և ծանոթացել հակամարտ զորքերի շփման գոտում տիրող իրավիճակին: Շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել է առաջնագծի պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված գործողությունների համալիրը, դրանցում ներդրված մարտավարական ու տեխնիկական նորարարությունները, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև Տիգրանակերտի բանակային վարժարանում և հետևել ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հրաձգային վաշտի կողմից անցկացվող հետևակի մարտական մեքենաների գործնական հրաձգության պարապմունքներին:

Փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից (10 արկ), ՌՊԳ-7 (8 արկ), ՀԱՆ-17 (3 արկ), ՀՀՆ-9 (1 արկ) և ԳՊ-25 (6 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկել են պատժիչ միջոցառումներ:

Չնայած միջազգային հանրության կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող նախահարձակ գործողությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ տարբեր մակարդակներով արվող առաջարկություններին և դրանց իրականացման ուղղությամբ հայկական կողմի դրսևորած հետևողական ջանքերին, այդուհանդերձ պաշտոնական Բաքուն շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---