Ֆինանսների փոխնախարար. ՌԴ-ից ներմուծվող մեքենաներից կշարունակենք ԱԱՀ գանձել

Ֆինանսների փոխնախարար. ՌԴ-ից ներմուծվող մեքենաներից կշարունակենք ԱԱՀ գանձել

PanARMENIAN.Net - ԵՏՄ անդամ երկրներից ՀՀ ավտոմեքենաներ ներկրելու հարցում որևէ շեղում կամ բացթողում չենք ունեցել: Այս մասին հայտնել էֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը` անդրադառնալով հարցին, թե ըստ տեղեկությունների` խնդիր է առաջացել հարկատեսակի կիրառման հետ:

«Պաշտոնապես հայտարարում եմ` այստեղ որևէ շեղում կամ բացթողում չենք ունեցել, ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով, իրավական տողին, տառին համապատասխան»,- ասել է փոխնախարարը, գրում է Panorama.am-ը:

Խոսքը ավտոմեքենա ներմուծման ժամանակ ՀՀ-ի կողմից 20% ավելացված արժեքի հարկ գանձելու մասին է: ԵՏՄ նախարար Տատյանա Վալովայան փետրվարի սկզբին հայտարարեց, որ ԱԱՀ-ի հարկումը հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային պահանջներին:

Ալավերդյանը նաև հավելել է. «Երրորդ երկրներից ավտոմեքենաները ներմուծվում էին, 2015-ին 44-45 մլրդ-ի փոխարեն ներմուծվել է 22 մլրդ-ի, արդյունքում մոտ 20 մլրդ-ից ավելի գումար կորցրեցինք, պատճառներից մեկն էլ այն էր, որ ավտոմեքենաների մի մասը երրորդ երկրներից չներմուծվեցին, ներմուծվեցին պարզապես ՌԴ-ից: Իսկ ԵՏՄ երկրներից Հայաստան ապրանքներ ներմուծելիս սահմանի վրա մաքսատուրք չի գանձվում, սակայն գանձվում է ԱԱՀ: Տարբերությունն այն է, որ եթե Գերմանիայից է ներմուծվում, ապա այս պահին այդ գումարը գանձվում է տասն օրվա ընթացքում, իսկ երբ ավտոմեքենան ներմուծվում է ՌԴ-ից, գումարը կարող է վճարվել ներմուծման ամսվան հաջորդող ամսի 20-ը»:

Հարցին, թե Միության տարածքում ինչո՞ւ Է գանձվում ԱԱՀ, Ալավերդյանը պատասխանել է. «Անցումային դրույթներով մենք այդ իրավունքն ունենք և այն պահպանելու ենք: Դա մեր եկամտային կարևորագույն հոդվածներից մեկն է, եթե նայենք ԵՏՄ-ի օրենսդրությունը, ապա կարգավորումների մեջ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի խախտում չի արել»:

ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրն ուժ մեջ է մտել 2014-ին: Հայաստանը միացել է ԵՏՄ-ին 2015-ի հունվարի 1-ից: Միավորման անդամ են նաև Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: Հիմնական նպատակն է մաքսային ծախսերի նվազեցումը, մրցակցութան աճը ԵՏՄ անդամ երկրների շուկաներում, արտադրության աճը: Միության մասնակիցները մտադիր են նաև առնվազն 25%-ով ավելացնել իրենց երկրների ՀՆԱ-ն ինտեգրման հաշվին:

ԵՏՄ-ի հետ ՀՀ վավերացված պայմանագիրը նախատեսում է անցումային շրջան՝ 1-8 տարի ժամկետով, ԵՏՄ Միասնական մաքսային սակագներից տարբերվող Հայաստանի ներկրման մաքսային տուրքերի համապատասխանեցման համար: 12-60 ամիս ժամկետ է տրվում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ներմուծման համար, երեք տարի՝ մտավոր սեփականության իրավունքի և օբյեկտների պահպանության ու պաշտպանության հարցերի համաձայնեցման համար: Անցումային շրջանում ԵՏՄ անդամ երկրներն իրավունք ունեն հատուկ կարգ սահմանել իրենց տարածք Հայաստան ներմուծվող ապրանքների ներկրման համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---