17 փետրվարի 2016 - 16:39 AMT
ԼՂՀ գլխավոր դատախազ. Ադրբեջանցի դիվերսանտների փոխանակումն անհնար է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատիժը կրող ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի փոխանակումն անհնարին է: Այդ մասին փետրվարի 17-ին Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

«Նրանք քրեական հանցագործություններ են կատարել, ԼՂՀ դատարանը նրանց դատապարտել է և նրանք իրենց արժանի պատիժը պիտի կրեն։ Նման հանցագործների փոխանակումն անհնար է»,-ասել է նա:

Ավելի վաղ Ադրբեջանի Փախստականների և բռնի տեղահանվածների գծով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը հայտարարել էր, թե դիվերսանտներին կարելի է փոխանակել ադրբեջանական բանտերում պահվող հայ պատանդների հետ:

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների վճիռներով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:

Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։

Ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր դիվերսանտներին փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել: