ԱԳ փոխնախարար. ՀՀ և ՌԴ նախագահները կքննարկեն գազի ներկայիս սակագնի պահպանման հարցը

ԱԳ փոխնախարար. ՀՀ և ՌԴ նախագահները կքննարկեն գազի ներկայիս սակագնի պահպանման հարցը

PanARMENIAN.Net - ՀՀ և ՌԴ նախագահների մարտի 10-ին կայանալիք հանդիպմանը նախատեսվում է նաև գազի սակագնի հետ կապված քննարկում: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Կարծում եմ, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է նաև գազի սակագնի հետ կապված քննարկում, որպեսզի պահպանվի ներկայիս գինը՝ $165, մինչև գնային բանակցությունները կավարտվեն», - ասել է Քոչարյանը, մեջբերում է Panorama.am-ը:

ՀՀ կառավարությունը մարտի 10-ի նիստում հաստատել է, որ Ռուսաստանից մատակարարվող գազի գինը Հայաստանի համար մինչև 2016-ի մարտի 31-ը պահպանվելու է նախորդ տարվա՝ 165 դոլարի չափով:

Լրագրողները նկատել են, այդ սակագնից էլ ցածր սակագին հաստատելու համար էր բանակցում հայկական կողմը, ինչի մասին հայտարարել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Դրան ի պատասխան Քոչարյանն ասել է, որ դա արդեն ապագա բանակցությունների հարց է, իսկ տվյալ պարագայում խոսքը վերաբերում է կարճատև որոշմանը, որպեսզի $165 գինը պահպանվի և բանակցությունները ընթանան ավելի արտոնյալ պայմանների շուրջ:

Հունվարի 18-ին հայ գործարարները վարչապետին առաջարկել են դիմել ՌԴ-ին՝ նվազեցնելու գազի սակագինը: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2015-ի սեպտեմբերին առաջարկել է ԵՏՄ երկրներին ռազմավարական ապրանքներով առևտրում օգտագործել ռուբլի` մասնավորապես, խոսքը հումքի և վառելիքի մասին է: Աբրահամյանը նաև մանրամասնել է, որ առաջարկն առաջին հերթին վերաբերել է էներգակիրներին, որպեսզի դրանց դիմաց Հայաստանը վճարի ռուբլով. դոլար-դրամ-ռուբլի տատանումներն առաջին հերթին ազդում են ՀՀ բնակչության վրա: «Այդ գործընթացն այդքան արագ չի լուծվելու, բայց կարևոր է այն, որ մենք հարց ենք ընդգրկել օրակարգում և կքննարկենք», - ասել էր վարչապետը:

Սպառողների համար գազը թանկացավ 2013-ի հուլիսից, երբ ռուսական «Գազպրոմը» թանկացրեց Հայաստան առաքվող գազը: Սակայն, նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինի 2013-ի դեկտեմբերի սկզբին կայացած այցից հետո Հայաստան առաքվող գազի գինը մեկ խմ-ի համար 270 դոլարից էժանացավ մինչև 180 դոլար, շարքային սպառողներին բաժին հասած մեկ խմ-ի դիմաց 156 դրամ սակագինը չփոխվեց: Ավելի ուշ ՀԾԿՀ-ն երկարացրեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գազամատակարարման արտոնագիրը մինչև 2017-ի հունվարի 1-ը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2015-ի հունվարի 1-ին։

Ռուբլու փոխարժեքի նվազումը դոլարի համեմատ 2014-ին հանգեցրեց գազի սակագնի բարձրացման վտանգի: Լուծումը Հայաստանի համար գազի գնի նվազեցումն էր 24 դոլարով` մինչև $165 1000 խմ դիմաց: Սպառողների վրա, սակայն սակագնի նվազումը չի անդրադառձել, նրանք վճարում են նախկին սակագնով` 156 հազար դրամ կամ $321 ընթացիկ փոխարժեքով:

Կարդացեք նաև՝ Նախարար. ՌԴ-ից գազի սակագնի նվազեցման նախադրյալներ կան

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---