Նալբանդյանը ԵԺԿ գործընկերներին ներկայացրել է ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ՀՀ և ԵԱՀԿ ՄԽ ջանքերը

Նալբանդյանը ԵԺԿ գործընկերներին ներկայացրել է ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ՀՀ և ԵԱՀԿ ՄԽ ջանքերը

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի նախաձեռնությամբ Վիեննայում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության արտգործնախարարների հանդիպմանը։

Հանդիպմանը մասնակցում էին տասներկու երկրների արտգործնախարարներ, ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլը, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էլմար Բրոկը, Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Յոհանես Հանը, ԵԺԿ բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։

Նախարարական հանդիպման օրակարգում էին ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի, միգրացիայի հետ կապված խնդիրները։ Քննարկումներ են ծավալվել Արևմտյան Բալկաններում, Հարավային Կովկասում առկա հարցերի և դրանց լուծման ուղիների, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության շուրջ։

Մասնակցելով քննարկումներին՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է միգրացիոն հոսքերին և նշել է. «Հայաստանն ապաստան է տվել Սիրիայից ժամանած շուրջ 20 հազար փախստականների` այդպիսով հանդիսանալով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում»։

Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ միգրացիայի հետ կապված խնդիրների լուծումները փնտրելիս առաջին հերթին հարկավոր է անդրադառնալ դրանց պատճառներին։ Այդ առումով նախարար Նալբանդյանը կարևորել է ահաբեկչության դեմ միասնական պայքարը, սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացը։

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերություններին, կարևորել է նոր իրավական փաստաթղթի մշակման շուրջ մեկնարկած բանակցությունները՝ ընգծելով, որ նոր համաձայնագիրը կարտացոլի առկա համագործակցության խորությունը և արձանագրված արդյունքները։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԺԿ գործընկերներին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ շեշտելով, որ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չկա, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել էր. «Մենք միշտ բարձր ենք գնահատել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Ցավոք, հակամարտության կողմերից մեկն այլ կարծիք ունի։ Ոչ միջնորդները, ոչ էլ Հայաստանը մեղավոր չեն, որ մինչ օրս լուծում չի գտնվել: Մենք բազմից ենք հայտարարել, որ պատրաստ են գնալ կարգավորման համանախագահների ներկայացրած առաջարկների հիման վրա: Իսկ Ադրբեջանը քննադատում է այդ առաջարկները, համանախագահներին: Հասել է նրան, որ Բաքուն սկսել է մեղադրել նրանց իսլամատյացության մեջ, հայտարարելով, թե անիմաստ է նրանց հետ հանդիպելը, քանի որ վերջիններս ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա: Հավանաբար, Ադրբեջանում այնքան էլ լավ չեն հասկանում միջնորդության դերը: Միջնորդների ջանքերն առաջին հերթին պետք է ուղղված լինեն երկխոսություն ծավալելուն, հանդիպումներ կազմակերպելուն, կողմերի դիրքորոշումները մերձեցնելուն, ոչ թե այս կամ այն կողմի հանդեպ ճնշում գործադրելուն»,-հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---