Ուզբեկստանի Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել հայ ֆերմերի դատավճիռը. Ավագյանը կազատազրկվի 7 տարով

Ուզբեկստանի Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել հայ ֆերմերի դատավճիռը. Ավագյանը կազատազրկվի 7 տարով

PanARMENIAN.Net - Մարտի 23-ին Ուզբեկստանի Վերաքննիչ դատարանը մերժել է Արամայիս Ավագյանի բողոքը` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով Ավագյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչվելով իսլամական ծայրահեղականության և մի շարք այլ հանցագործությունների մեջ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ավագյանը ժխտում է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները:

Այս անգամ Ուզբեկստանի իշխանությունները թույլ են տվել իրավապաշտպանների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ներկա գտնվել դատավարությանը:

Մեղադրյալի հարազատները և փաստաբանը մտադիր են բողոքարկել դատավճիռը Վճռաբեկ դատարանում: Դատապարտյալների հարազատները նաև խնդրել են իրավապաշտպաններին և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին իրավական օգնություն ցուցաբերել Ավագյանին և նրա ընկերներին:

2 անչափահաս երեխաների հայր Արամայիս Ավագյանը, որը Ուզբեկստանի Դիզակի շրջանում ձկնաբուծական ֆերմա էր բացել, գտնվում է կալանքի տակ 2015-ի սեպտեմբերից: Ըստ նրա ընտանիքի անդամների, 34-ամյա գործարարի հետապնդումները սկսվեցին տեղական վարչակազմի ղեկավար Գաֆուր Կարշիբաևի կողմից նրա բիզնեսը խլելու անհաջող փորձերից հետո: Նրանք պնդում են, որ Կարշիբաևը սպառնացել էր բանտ նետել Ավագյանին: Որպես ծայրահեղականության մեջ ներգրավված լինելու ապացույց, քննիչները գործին կցել են մի լուսանկար, որտեղ Արամայիս Ավագյանն ու նրա գերդաստանի մյուս տղամարդիկ պատկերված են եղել մորուքով: Լուսանկարն, ըստ Ավագյանի, արվել է իր մահացած եղբոր և պապիկի քառասունքի օրը` սափրված չլինելն էլ պայմանավորված է եղել հենց այդ հանգամանքով:

Այս գործի հետ կապված, իր ուզբեկ պաշտոնակցին էր դիմել Հայաստանի այժմ արդեն նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, իսկ քիչ ավելի ուշ Հայաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը գրություն էր ուղարկել Ուզբեկստանի խորհրդարանի պետաիրավական հարցերով հանձնաժողովին: Ուզբեկստանի օմբուդսմեն Ուլուկբեկ Մուհամադիևի ավագ օգնականը փետրվարի 2-ին տեղեկացրել է, որ օմբուդսմենն այժմ սպասում է գլխավոր դատախազության գրավոր պատասխանին՝ կապված Ավագյանի գործով ճնշումների և խոշտանգումների հետ:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Ուզբեկստանի իշխանություններին Ավագյանի դատավճռի համար` հայտարարելով, որ դատն «անարդար է եղել»: Արամայիս Ավագյանին և նրա 4 ընկերներին, որոնք ևս դատապարտվել են Ուզբեկստանում ծայրահեղականության մեղադրանքով, աջակցելու նպատակով ստեղծվել է «Ավագյան+4» կոմիտեն, որի կազմում են տարբեր երկրների իրավապաշտպան կազմակերպությունների անդամներ: Կոմիտեն ուղերձով դիմել է Ուզբեկստանի նախագահին, ինչպես նաև հեղինակավոր միջազգային կազմակերպություններին` ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին, Human Rights Watch-ին, Amnesty International-ին, Freedom House-ին` կոչ անելով ճնշում գործադրել Ուզբեկստանի իշխանությունների վրա այդ հարցում:

Ընթերցեք նաև. Ուզբեկստանում ծայրահեղականության համար դատապարտված հայի բողոքը՝ Վերաքննիչ դատարանում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---