Նալբանդյան. Ադրբեջանի ղեկավարությունը կորցրել է իրականության զգացումը

Նալբանդյան. Ադրբեջանի ղեկավարությունը կորցրել է իրականության զգացումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ղեկավարությունը եռանախագահող երկրներին սադրիչ է անվանում այն պատճառով, որ նրանք առաջարկում են ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն Արցախի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը:

«Իրականում այդ քննադատությունն ուղղված է ոչ միայն համանախագահներին, այլև առնվազն ԵԱՀԿ-ում ներկայում և նախկինում նախագահող երկրներին, ՄԱԿ-ին, Եվրամիությանը, ընդհանրապես բոլոր երկրներին և կառույցներին, որոնք սատարել և սատարում են այդ առաջարկ,-ասել է նախարարը: Ըստ նրա, Ադրբեջանի ղեկավարությունը չի խորշում ընդունել, որ ինքն է կանգնած հրադադարի խախտումների և իրավիճակի սրման հետևում, նույնիսկ հպարտանում է դրանով։

«Մի կողմ թողնենք, թե արդյոք Բաքուն իրապես կարծում է, որ այդտեղ հպարտանալու բան կա, թե դա ընդամենը ներքին սպառման քարոզչական հնարք է, մեկ անգամ ևս պետք է փաստել, որ Ադրբեջանի ղեկավարությունը կորցրել է իրականության զգացումը։ Եվ սա վերաբերում է ոչ միայն ԼՂ հիմնահարցին։ Նա պնդում է, թե, ոչ ավել, ոչ պակաս, Ադրբեջանը տնտեսապես ամենակայուն, ամենաժողովրդավար, ամենահանդուրժողական, մարդու իրավունքների առումով ամենապաշտպանված երկիրն է աշխարհում, որը օրինակ կարող է հանդիսանալ այլ պետությունների համար, երբ տարբեր միջազգային կազմակերպություններ, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցներ հակառակն են ասում»,-ասել է նախարարը։

Նալբանդյանը նշել է, որ ծուռ հայելիների թագավորություն է ստեղծված այդ երկրում, որի ղեկավարները, նայելով այդ հայելիների մեջ, հրճվում են իրենք իրենցով և կոչ անում այլոց՝ ապրել նման ծուռ հայելիների աշխարհում:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին նպատակը Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումն է: «Հրադադարի խախտման փորձերը մեծ անհանգստության առիթ են հանդիսանում մեզ համար: Մեկ տարի առաջ հունվար ամսին գրանցված բախումները ռեկորդային դարձան հրադադարի կնքումից ի վեր։ Ամենաանհանգստացուցիչը խաղաղ բնակչության կրած կորուստներն են, մենք քննադատում ենք ծանր հրետանու գործածումը», - ասել է Ուորլիքը:

Դեսպանը խոսել է նաև ԱՄՆ-ի կոնգրեսում շրջանառության մեջ դրված այսպես կոչված՝ Ռոյս-Շերման նամակի մասին։ ԱՄՆ-ի նախագահին ուղղված ԱՄՆ-ի որոշ կոնգրեսականների կողմից ստորագրված այս նամակը Ղարաբաղում խաղաղության պահպանման ծրագրեր է ներկայացնում։ Առաջարկությունների թվում է սահմանային գոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերահսկվող, կրակի ուղղությունը որսացող սարքերի տեղադրումը, ինչպես նաեւ շփման գծում ԵԱՀԿ դիտորդների տեղակայումը, զինադադարը ավելի արդյունավետ վերահսկելու նպատակով։

Մարտի 19-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կոչ է արել հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Սբ Զատկին և Նովրուզ բայրամին ընդառաջ:

ԼՂՀ ՊՆ-ն ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը` միաժամանակ ակնկալելով, որ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ գտնել հրադադարը պահպանելու և սադրանքների չգնալու մասին հստակ պատրաստակամության հայտարարություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---