Կրեմլը դեռևս հանդիպում չի նախատեսում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հետ

Կրեմլը դեռևս հանդիպում չի նախատեսում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հետ

PanARMENIAN.Net - Կրեմլում կարծում են, որ հիմա գլխավորը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերականգնելն է ու ռազմական գործողությունների վերսկսումից գրանցված վնասը նվազագույնին հասցնելը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ես հիմա կբացառեի բոլոր մեկնաբանություններն այդ թեմայով իմ կողմից: Գլխավորը հրադադարի ռեժիմին վերադառնալն է, ռազմական գործողությունների հասցված վնասը նվազագույնին հասցնելը` ընդհանուր առմամբ կարգավորելու համար հակամարտությունը»,-ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք ակնկալել, որ ՌԴ-ն կհրաժարվի զենք մատակարարել Հայաստանին և Ադրբեջանին, եթե բախումները շարունակվեն:

Պեսկովը հավելել է նաև, որ Կրեմլում չգիտեն, թե առաջիկայում կհանդիպեն արդյոք ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ նախագահները: «Ես դեռ չեմ կարող ասել, կլինի արդյոք այդպիսի հանդիպում, քանի որ որևէ համաձայնեցված համատեղ միջոցառում չկա: Անկասկած, դուք գիտեք, որ բարձր մակարդակի հանդիպումները նախապատրաստական շրջան են ենթադրում, քանի որ յուրաքանչյուր այդպիսի հանդիպում պետք է լավ նախապատրաստվի, ինչպես գիտեք փորձագիտական մակարդակում այժմ շատ ինտենսիվ աշխատանք է տարվում»,-ասել է Պեսկովը:

Պեսկովը չի մեկնաբանել մի շարք ռուս պատգամավորների հայտարարությունները, որոնք փորձում են կատարվող իրադարձությունների պատասխանատվությունը բարդել Թուրքիայի վրա: «Ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից: Դա շատ զգայուն թեմա է, որը շատ ուշադիր և մանրակրկիտ մոտեցում է պահանջում և գնահատականների, և գործողությունների առումով»:

Նա նշել է նաև, որ ՌԴ նախագահը հեռախոսային բանակցություններ չի ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: «Ոչ, դեռ չի եղել : Դուք գիտեք, որ նախարարների մակարդակով ինտենսիվ երկխոսություն է գնում, եթե ինչ-որ շփումներ լինեն, մենք ձեզ կիրազեկենք»,-ասել է Պեսկովը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 6 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 20 տանկ, 5 զրահամեքենա 1 ՏՕՍ ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 2 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել է Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---