Հակառակորդն արկակոծել է լրագրողների մեքենան. Տուժածներ չկան

Հակառակորդն արկակոծել է լրագրողների մեքենան. Տուժածներ չկան

PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ հակառակորդը շարունակում է ականանետերից և հրանոթներից արկակոծել Պաշտպանության բանակի առաջնային դիրքերն ու հայկական բնակավայրերը: Այս ուղղությամբ հակառակորդը կիրառում է նաև մարտական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Առավոտյան այնտեղ է մեկնել լրագրողների խումբը, որոնց թվում էր նաև PanARMENIAN.Net ի թղթակիցը:

«Մեքենաներն իրարից հեռու կանգնեցրեք, մի կուտակվեք, դուք էլ իրարից հեռու կանգնեք, հենց այս պահին էլ անօդաչու սարքեր են աշխատում, վտանգը մեծ է»,- ասաց հայ և արտասահմանցի լրագրողներին դիմավորող գնդապետը:

Միայն երբ ՊԲ-ն խոցեց ԱԹՍ-ն, լրագրողները կարողացան առաջ շարժվել դեպի մարտական գործողությունների առավել թեժ կետեր:

«Վերջին անգամ արկն այ այստեղ ընկավ»,- պատմեց շարքային հրետանավորն ու բացատրեց՝ հայկական հրետանու արդյունավետությունը դիպուկության մեջ է, ցույց տվեց լիցքավորված հաուբիցը և ավելացրեց. «ամեն վայրկյան պատրաստ ենք «կրակ» հրամանին»:

Զինվորներն ասում են, որ զինամթերքի մատակարարումը պարբերական է, մթերքինը և անհրաժեշտ այլ իրերինը՝ նույնպես:

«Էս ոտքիս տակի հողը տեսնու՞մ ես, այստեղ թուրքի ոտք չի լինելու, եթե ինձ խփեն էլ, հաստատ գիտեմ՝ տղերքն են պահելու»,- ասաց ժամկետային շարքայիններից մեկը:

Զինվորները լրագրողներին հորդորում էին վերջացնել և արագ վերադառնալ ավելի ապահով շրջաններ, հակառակորդի թռչող սարքերը կարող էին նկատել և թիրախավորել, այդպես էլ եղավ: Հետդարձի ճանապարհին 3 արկ ընկավ լրագրողների մեքենայից 30-50 մ հեռավորության վրա: Տուժածներ չկան:

Դիրքերից վերադարձի ճանապարհին Կիչան գյուղի բնակիչները պատմել են, որ կյանքը հիմկանանում բնականոն ռեժիմով է ընթանում: Վստահ են, որ մեր զինվորներն ու բազմաթիվ կամավորները թուրքին առաջ չեն թողնի:

«Խանութը բաց է, աշխատում է: Գյուղից ոչ մեկը չի գնացել, տղաս Մարտունիում է ծառայում, քիչ առաջ էի խոսում, ասաց՝ «մամ ջան, ամեն ինչ նորմալ է»,- պատմեց բնակիչներից Բաղրամյան Համեստը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 20 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 20 զինծառայող, 72-ը վիրավոր է, 26-ն էլ անհետ կորել է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---