ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները ճնշում են գործադրում երկրի իշխանությունների վրա՝ Բաքվի գործողությունների դեմ

ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները ճնշում են գործադրում երկրի  իշխանությունների վրա՝ Բաքվի գործողությունների  դեմ

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների հայկական խոշոր կազմակերպությունները` Ամերիկայի հայ դատի հանձնախումբը և Ամերիկայի հայկական համագումարը լուրջ աշխատանք են սկսել ԱՄՆ-ի օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ՝ Ադրբեջանի հարձակողական գործողությունների դեմ:

Համագումարը նամակ է ուղղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին, որում կոչ են անում ԱՄՆ-ին վերականգնել Ազատության աջակցության ակտի 907 ենթաբաժինը, որն արգելում է Միացյալ Նահանգներին որևէ օգնություն տրամադրել Ադրբեջանին, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:

Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Կրիկորյանը նամակում ընդգծել են, որ Միացյալ Նահանգների կողմից չի կարող տրամադրվել որևէ օգնություն Ադրբեջանին «այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել թշնամական գործողությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ և չի համաձայնել հետևել հակամարտության խաղաղ կարգավորման ուղուն»:

Իր հերթին, Ամերիկայի հայ դատի հանձնախումբը նամակ է ուղղել Միացյալ Նահանգների Սենատի և Ներկայացուցիչների պալատի հանրապետական և դեմոկրատ ղեկավարներին՝ կոչ անելով նրանց պահանջել հրապարակել ԱՄՆ-ի հետախուզական արբանյակների և այլ հատուկ ծառայությունների տվյալները՝ ապրիլի 2-ին Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած բախումների նախօրեին զինվորական պատրաստությունների վերաբերյալ:

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակում մասնավորապես նշում է, որ բախումների նախօրեին Վաշինգտոնում հանդիպումներ անցկացնող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իրականում նախապատրաստվում էր ռազմական գործողությունների Ղարաբաղում:

ԼՂՀ ՊՆ պաշտոնական տվյալներով՝ Ապրիլի լույս 2-ի գիշերվանից ապրիլի 5-ը ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի հետ մարտերում զոհվել է Պաշտպանության բանակի 29 զինծառայող, 101-ը վիրավորվել է, ևս 28-ն անհետ կորած է: Զոհվածներից 7-ը ու վիրավորներից 20-ը սպա ու ենթասպա են, 20 զոհված ու 81 վիրավոր՝ սերժանտ, պայմանագրային ու շարքային:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ: Խոցվել է 26 ադրբեջանական տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», 1 ինժեներական մեքենա, 2 ուղղաթիռ, 12 ԱԹՍ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---