ԼՂՀ ԱԳՆ. Հետամուտ կլինենք, որ Բաքվի ռազմական հանցագործությունների մեղավորները պատասխանատվություն կրեն

ԼՂՀ ԱԳՆ. Հետամուտ կլինենք, որ Բաքվի ռազմական հանցագործությունների մեղավորները պատասխանատվություն կրեն

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական հանցագործություններով, պատերազմի օրենքների ու սովորույթների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով։ Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ-ն:

«Խաղաղ բնակչության դիտավորյալ հրետակոծության հետեւանքով ապրիլի 2-ին ԼՂՀ Մարտունու շրջանում՝ դպրոցի բակում, զոհվել է 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել է։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից դաժանաբար սպանվել եւ անարգանքի են ենթարկվել Խալափյան ընտանիքի երեք տարեց անդամ, որոնցից ամենաավագը 92 տարեկան էր։ Խոշտանգումների ու անարգանքի հետքեր են հայտնաբերվել նաեւ Ադրբեջանի կողմից ապրիլի 10-ին ԼՂՀ-ին հանձնված ԼՂՀ Պաշտպանության բանակի զոհված զինծառայողների մարմինների վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ սա ԼՂՀ դեմ զինված ագրեսիայի ընթացքում ադրբեջանական բանակի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների ոչ լրիվ ցանկն է։ Կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ Ադրբեջանն իրեն հակադրեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհին՝ բացահայտ մարտահրավեր նետելով վերջինիս։

Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, մասնավորապես Ժնեւյան բոլոր կոնվեցիաների 1-ին հոդվածի, բոլոր երկրները պարտավորվում են ոչ միայն ցանկացած հանգամանքներում պահպանել, այլեւ ստիպել պահպանելու կոնվենցիաների նորմերը։

Տեղեկացվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը քայլեր է ձեռնարկում ուղղված միջազգային հանրությանը, այդ թվում՝ մասնագիտացված կառույցներին իրազեկելու Ադրբեջանի զինված ուժերի անմարդկային արարքների այս աղաղակող փաստերը եւ հետամուտ է լինելու, որպեսզի այս հանցագործությունների մեղավորները ոչ միայն խստագույնս դատապարտվեն, այլեւ ենթարկվեն պատասխանատվության։ Ընդգծվում է, որ Ադրբեջանի նման գործողություններն արդարացում չունեն:

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ: Դրանում մասնավորապես ասվում է, որ համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության՝ ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև։ Փոխանակման ընթացքում ղարաբաղյան կողմին է հանձնվել ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում առաջնագծում զոհված ԼՂՀ Պաշտպանության բանակի 18 զինծառայողի մարմին:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ներկայությամբ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի:

ՊՆ. Բաքվին իրավական պատասխանատվության ենթարկելու հարցը կբարձրացվի միջազգային ատյաններում

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---