Արցախում 2 զինվոր է վիրավորվել. Հակառակորդը դիվերսիայի փորձ է ձեռնարկել

Արցախում 2 զինվոր է վիրավորվել. Հակառակորդը դիվերսիայի փորձ է ձեռնարկել

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Առաջնային գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ: Հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև 82 մմ-ոց ականանետ (3 արկ):

Կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածության խախտման արդյունքում արձանագրվել է երկու միջադեպ: Հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1991թ. ծնված Էրիկ Բորիսի Մաթևոսյանը և 1996թ. ծնված Ազատ Տիգրանի Բարսամյանը:

Բացի կրակային միջոցների կիրառումից ադրբեջանական կողմը 01:00-ի սահմաններում արևելյան (Ակնա) ուղղությամբ ձեռնարկել է մոտ 20 հոգուց բաղկացած դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ, որը ղարաբաղյան ուժերի կողմից ժամանակին հայտնաբերվել և հետ է շպրտվել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և վերահսկել օպերատիվ իրավիճակը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ապրիլի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականատերից խախտել կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը:

7 օրում հակառակորդը կրակել է ականանետերից ու նռնականետերից: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա, որոնք աստիճանաբար վեր են ածվել միջադեպերի, ինչի արդյունքում եղել են նաև կորուստներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---