Չեխիայի խորհրդարանի փոխնախագահ. Գուցե եկել է ժամանակը, որ հստակ դիրքորոշում ունենանք Ցեղասպանության հարցում

Չեխիայի խորհրդարանի փոխնախագահ. Գուցե եկել է ժամանակը, որ հստակ դիրքորոշում ունենանք Ցեղասպանության հարցում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 22-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախին և Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը և Գագիկ Մելիքյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է չեխական պատվիրակության մասնակցությունը Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին և «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովին:

Նա հույս է հայտնել, որ շուտով Չեխիայի խորհրդարանը կընդունի և կդատապարտի Հայոց ցեղասպանությունը, քանի որ դատապարտումը կանխարգելման լավագույն ձևն է: Շարմազանովն այս համատեքստում նշել է, որ Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Ցեղասպանությունը, այլև միակ երկիրն է, որ շրջափակման մեջ պահելով Հայաստանը՝ խրախուսում է Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

Նա հայտնել է, որ ապրիլի առաջին օրերին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի զոհն են դարձել ծերունիներ, սպանվել է երեխա, ԻՊ-ին բնորոշ ձեռագրով գլխատվել են զինվորներ: «Ակնհայտ է, որ 100 տարվա ընթացքում կովկասյան թուրքերը ոչինչ չեն սովորել, սակայն ոչինչ չեն մոռացել»:

Շարմազանովն իր խոսքում նշել է, որ քանի դեռ քաղաքակիրթ մարդկությունը չի դատապարտել Ցեղասպանությունը, այսպիսի հանցագործությունները պիտի կրկնվեն: ՀՀ ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ եկել է ժամանակը, երբ Եվրոպան պիտի հստակ ասի իր խոսքը՝ ընտրություն կատարելով գաղափարականի և նյութականի միջև: Շարմազանովը փաստել է, որ հաղթում է նա, ով մարտնչում է անկախության և իր հայրենիքի ազատության համար: Իսկ արցախցիները ծնվել են ազատ և անկախ ապրելու համար:

Չեխ գործընկերների խնդրանքով անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ հրադադարի պայմաններում անգամ կան նոր զոհեր:

Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը նշել է, որ Չեխիան և Հայաստանը պատմական նույն փորձառությունն ունեն. ֆաշիստների կողմից Չեխիայում իրականացված սպանդն այլ կերպ, քան ցեղասպանություն չես անվանի: Զդենեկ Շկրոմախի խոսքով՝ խնդիրը մոտեցման մեջ է, և Չեխիան՝ որպես ԵՄ անդամ պետություն, պետք է իր մոտեցումն ունենա: Ինչքան էլ որ դժվար է գտնել մոտեցումը, պարզ է, որ խոսքը Ցեղասպանության մասին է:

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկն իր խոսքում նշել է, որ հետևում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություններին և ցավում է թե՛ զոհված զինվորականների, թե՛ խաղաղ բնակիչների համար: Նա նշել է, որ տեսել է զոհերի և այն զենքերի լուսանկարները, որոնք կիրառվել են այդ օրերին: Յան Բարտոշեկը վերհաստատել է, որ Չեխիան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է:

Չեխիայի Պատգամավորների պալատի փոխնախագահի խոսքով՝ իրադարձության վերաբերյալ ճիշտ բառը չօգտագործելիս իրավիճակը կրկնվում է բացասական առումով: Ըստ Բարտոշեկի՝ այն, ինչ կատարվել է Հայաստանի և Թուրքիայի միջև մեկ դար առաջ, չի անվանվել ճիշտ բառով, սակայն քիչ չեն այն երկրները, որոնք ընդունել և դատապարտել են Ցեղասպանությունը: Նրա խոսքով՝ գուցե եկել է ժամանակը, որ Չեխիան ունենա իր հստակ դիրքորոշումն այդ հարցում:

Հանդիպման ավարտից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Չեխիայի խորհրդարանի երկու պալատների փոխնախագահներն այցելել են Եռաբլուր պանթեոն:

Ապրիլի 20-ին այդ մասին ասել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմից հայտնել են, որ Թուրքիան երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ասվել է, որ ուստի Անկարան ոչ մի նշանակություն չի տալիս 1915 թվականի իրադարձությունները Հայոց ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ Եվրախորհրդարանի կոչին: Ավելին,Անկարան սադրիչ է համարում Թուրքիային ուղղված Եվրախորհրդարանի կոչը:

Ապրիլի 15-ին Եվրախորհրդարանն ընդունել է Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիայի առաջընթացի գնահատման տարեկան՝ 2015-ի զեկույցը, որտեղ ներառված է Հայոց ցեղասպանություն ձևակերպումը: Այդ պատճառով Թուրքիան չի ընդունում զեկույցը և պատրաստվում է այն վերադարձնել Եվրախորհրդարան։ Թուրքիայի կառավարությունում Եվրամիության հետ կապերի գծով նախարար Վոլքան Բոզքըրը, որը պաշտոնական այցով Վիեննայում էր, ասել է, թե Թուրքիայի կառավարությունը զեկույցը համարում է զրո և անվավեր ու այն վերադարձնելու է Եվրախորհրդարան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---