ԼՂՀ վարչապետ. Արցախ ուղղված օգնությունը 7 մլրդ դրամից ավելի է, ուղղակի վնասը՝ 400-500 մլն

ԼՂՀ վարչապետ. Արցախ ուղղված օգնությունը 7 մլրդ դրամից ավելի է, ուղղակի վնասը՝ 400-500 մլն

PanARMENIAN.Net - Արցախում ապրիլյան ռազմական գործողությունների վնասները բաժանում են երկու խմբի՝ ուղղակի և անուղղակի: Ուղղակի վնասը հաշվվում է մոտ 400-500 մլն դրամ, անուղղակի վնասն ավելի մեծ է և ամբողջ ծավալն ու տնտեսության վրա ազդեցությունը կհստակեցվի տարեվերջին: Այդ մասին է հայտարարել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը:

«Օրինակ՝ ներդրումների մասով, ինչպիսի վարքագիծ կընդունեն մեր հավանական ներդրողները: Միանշանակ ազդեցություն կլինի ՓՄՁ-ի վրա, նաև ակտիվ գյուղատնտեսական աշխատանքների շրջան է՝ գարնանացան, այսօր սածիլը պետք է դրված լինի, հողը պատրաստ, բայց ամբողջ երկիրն ուղղված էր մարտադաշտին սպասարկելուն, մեր տղամարդիկ առաջնագծում էին: Հիմա հաշվարկել ամբողջական վնասը դժվար է լինելու, ամեն ինչ ավելի պարզ կլինի տարեվերջին»,- ասել է Հարությունյանը:

Նրա խոսքով, դեպի Արցախ ուղղված օգնության ծավալը միայն պարենի մասով կազմում է մոտ մոտ 1 մլրդ 200 մլն դրամ. « Եվս 2 մլրդ դրամի նյութական աջակցություն ենք ստացել, մի մասը պահեստներում է, մյուս մասը բաժանվել է բանակին և ժողովրդին: Դրամական օգնությունն այսօրվա տվյալով հասնում է 4 մլրդի: Կառավարությունը հրապարակում է միայն Կառավարության արտաբյուջետային հաշիվը, բայց Ազատամարտիկների միությունը ևս ավելի քան 700 մլն դրամի աջակցություն է ստացել: Փոխանցումները դեռ շարունակվում են», - նշել է ԼՂ վարչապետը:

Հարությունյանն ընդգծել է, որ պարենի մասով Արցախում մեծ պահեստներ կային, Արցախը պարտավոր էր պատրաստ լինել նման իրավիճակի, այս առումով խնդիր այնքան էլ չկար: Սակայն առաջին երկու օրը հիմնականում պարենային աջակցություն էր հասնում և ուղղվում բանակին, տեղահանվածներին: Կառավարությունը համակարգել է այս գործընթացը, պահեստավորել, կազմակերպել առաքումը և այլն: Հետագայում աշխատանքի պարենային ուղղության ավելացել է նաև ոչ պարենային և դրամական մասը: Իսկ ավելի ուշ արդեն գույքագրում է եղել և օգնության պատրաստակամություն հայտնած մարդիկ հուշում են ստացել, թե ինչի կարիք կա:

«Փոխանցումը կատարելիս մարդիկ նշում են նպատակը՝ սոցիալ-տնտեսական կամ զոհվածների ընտանիքին, բանակի մարտունակությանը: Այդպես էլ անում ենք, բայց միջոցները հիմնականում ուղղվելու են այն ծրագրերին, որոնք ՊԲ-ն համարելու է առաջնահերթ: Արդեն սկսված են որոշ սարքավորումների ձեռքբերման գործընթացները: Այս ամենը կանոնակարգվելու է, և մենք փորձելու ենք թափանցիկ աշխատել՝ փարատելով այդ գումարների արդյունավետ օգտագործման շուրջ հնարավոր կասկածները», ասաց Արցախի վարչապետը:

Արա Հարությունյանն անդրադարձել է նաև վնասված բնակավայրերը վերականգնելու և տեղահանվածների վերադարձի խնդրին՝ նշելով, որ ավերածությունները վերականգնելը հեշտ է լինելու: «Մատաղիսում, օրինակ, արդեն սկսել ենք և օրերի հարց է: Խնդիրը հոգեբանական է: Բնակիչների հետ հանդիպումների ժամանակ զգում ենք, որ վախը, մանավանդ թալիշեցիների մոտ, երկար է մնալու: Այս մարդիկ արդեն երկրորդ անգամ են նման իրավիճակում հայտնվում: Բարդ է լինելու», - ասել է Հարությունյանն ու ավելացրել՝ պայմանավորող գործոն է նաև ընդհանուր կայունությունը, այսինքն՝ ինչքանով են այդ մարդիկ երաշխավորված լինելու, որ սա վերջին անգամ է:

Մատաղիսցիների դեպքում ավելի հեշտ է լինելու: Նրանց մի մասն այսօր արդեն պատրաստ է վերադառնալ: Արցախի կառավարությունում վստահեցնում են՝ նրանց աջակցելու են՝ սոցիալական նոր երաշխիքներ, նոր ծրագրեր, բայց կարևորը մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց երեխայի ապագան անվտանգ է: Աջակցության գործիքները, նաև բավական շատ օգնություն կա. այս մասով որևէ խնդիր չի լինելու:

Տուժած տնտեսական օբյեկտների մասով վարչապետը հավելեց, որ դրանք արդեն վերականգնվում են: «Մատաղիս 1 ՀԷԿ-ն, օրինակ, վնասվել է, բայց արդեն փորձում ենք աշխատացնել», - ասել է Հարությունյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---