«Կոմերսանտ». ՀՀ դեմարշը բարդ վիճակի մեջ է դնում Ռուսաստանին

«Կոմերսանտ». ՀՀ դեմարշը բարդ վիճակի մեջ է դնում Ռուսաստանին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների վերսկսումը Մոսկվայի միջնորդությամբ հետաձգվում է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է նոր երկխոսության համար պայմանների բացակայության մասին, որն արդեն ազդարարել էին պաշտոնական Բաքուն և Մոսկվան, գրում է «Կոմերսանտը»: ՀՀ նախագահը նաև տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չի տեսնում և նոր չի համարում այն առաջարկությունները, որոնք նախորդ շաբաթ Երևան էր բերել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Հայաստանի դեմարշը, որը գերադասում է առկա ստատուս քվոն, բարդ վիճակի մեջ է դնում նրա ռազմավարական դաշնակից Ռուսաստանին` մշուշոտ դարձնելով Մոսկվայի նախաձեռնած բանակցությունների հեռանկարները:

Պարբերականը նշում է, որ ՀՀ նախագահի հարցազրույցը Bloomberg-ին սառեցրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ արագացված բանակցությունների կողմնակիցների խանդավառությունը: Նախորդ շաբաթ Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը հայտարարել էր, որ «նախաձեռնությունը Պուտինինն է»: «Նա դիմել է երկու երկրների նախագահներին և այժմ նախապատրաստվում է բանակցային գործընթացը: Հնարավոր է, առաջիկա օրերին սկսվի բանակցությունների ինտենսիվ փուլը»: «Կոմերսանտի» բարձրաստիճան աղբյուրը Կրեմլում հաստատել է. «Մենք գործի ենք դրել բոլոր անհրաժեշտ դիվանագիտական մեխանիզմները` ամենամոտ ապագայում կողմերին բանակցությունների սեղանի մոտ նստեցնելու համար»:

«Կոմերսանտը» նշում է, որ ՀՀ նախագահը հստակ հասկացրեց, որ հասարակությունն իր երկրում հիասթափված է Մոսկվայի գործողություններից, որը փորձում է հավասարակշռություն պահպանել Երևանի և Բաքվի միջև: Ավելին` նա ակնարկել է, որ այդ հիասթափությունը կարող է էլ ավելի խորանալ:

Ապրիլի 26-ին Bloomberg-ին տված աղմկահարույց հարցազրույցից մեկ օր անց Սերժ Սարգսյանը պաշտոնանկություններ արեց ԶՈւ բարձրաստիճան ղեկավարության կազմում, ինչն անմիջական կապ ուներ ապրիլյան մարտերի օրերին նրանց աշխատանքում ի հայտ եկած ձախողումների հետ:

Չնայած Երևանի առարկություններին ՀՀ և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հարցը դեռ մնում է օրակարգում: Բաքու ժամանած ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն հաստատել է, որ ՄԽ-ն մտադիր չէ հրաժարվել բանակցություններ կազմակերպելու փորձերից:

Մինչդեռ, նշում է պարբերականը, Երևանի դեմարշը բարդ վիճակի մեջ է դնում Ռուսաստանին:

«Սխալ կլինի կարծել, թե այսօր, ինչպես ԽՍՀՄ տարիներին, Մոսկվան լիովին վերահսկում է նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարներին: Այդ ղեկավարներն իրենց պատկերացումներն ունեն «կարմիր գծերի» մասին, որոնք չեն կարող հատել»,-պարզաբանել է Սերժ Սարգսյանի դրդապատճառները Ռուսաստանյան խորհրդի միջազգային հարաբերությունների գծով փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը` մեկնաբանելով ՀՀ նախագահի դրդապատճառները: Ըստ նրա, Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները պայմանավորված են Հայաստանում ստեղծված իրավիճակով, որտեղ ապրիլյան իրադարձություններից ու կորուստներից հետո հանրությունն ավելի արմատական է տրամադրված, քան նախկինում, և պատրաստ չէ զիջումների: «Այսպիսի իրավիճակում քաղաքական գործիչն «ինքնասպանության» չի գնա` համաձայնվելով բանակցությունների: Բանակցային գործընթացի վերսկսման համար հզոր դրդապատճառներ են պետք, որոնք դեռ չկան»,-ասել է նա, գրում է «Կոմերսանտը»:

Ընթերցեք նաև. Սերժ Սարգսյան. Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չկա

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---