ԼՂՀ ՄԻՊ-ը միջազգային կառույցներին զեկույց կներկայացնի. Առանցքում խաղաղ բնակչության վրա հարձակումներն են

ԼՂՀ ՄԻՊ-ը միջազգային կառույցներին զեկույց կներկայացնի. Առանցքում խաղաղ բնակչության վրա հարձակումներն են

PanARMENIAN.Net - ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է փաստարկված իրավական գնահատական Ադրբեջանի կողմից ԼՂՀ խաղաղ բնակչության նկատմամբ անթույլատրելի ու անխտրական հարձակումների, ինչպես նաև ադրբեջանական խաղաղ բնակավայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելու վերաբերյալ:

Ընդ որում, վերջին դեպքում հարցը քննարկվում է հենց Ադրբեջանի կողմից իր իսկ պոզիտիվ պարտականությունները չկատարելու և դրա համար պատասխանատվություն կրելու տեսանկյունից:

Իրավական գնահատականում մանրամասն հիմնավորվում է, որ Ադրբեջանը շարունակում է լրջորեն խախտել մարդու հիմնարար իրավունքները: Մասնավորապես, միջազգային փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրության հիման վրա հիմնավորումներ են բերված, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունները ուղիղ հակասության մեջ են մարդու իրավունքների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի՝ միջազգայնորեն ընդունված հիմնարար սկզբունքների հետ:

Դրանից բացի, հիմնավոր ցույց է տրված, որ Ադրբեջանն ինքը օգտագործում է՝ սեփական քաղաքացիական բնակավայրերը՝ որպես թիրախ և դրանով իսկ չի կատարում սեփական բնակչության կյանքի իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականությունը:

Կատարված վերլուծության արդյունքները կներկայացվեն ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԱՀԿ-ին, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան մյուս կազմակերպություններին և օմբուդսմենական միջազգային ու օտարերկրյա հաստատություններին:

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտն (EOI) իր պաշտոնական կայքում հրապարակել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016 թվականի ապրիլի 2-5 ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին:

EOI-ն նաև պաշտոնական հայտարարությամբ քննադատել է ադրբեջանական կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ ցուցաբերած առանձնակի դաժան վերաբերմունքը: Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը հայտնել է իր մտահոգությունն առ այն, որ քաղաքացիական բնակչությունը ենթարկվել է պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, անմարդկային վերաբերմունքի:

EOI-ն անդրադարձել է նաև քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես դպրոցների, մանկապարտեզների վրա կատարված հարձակումներին, երեխաների և տարեցների նկատմամբ իրականացրած անթույլատրելի ոտնձգություններին՝ նշելով, որ դրանք առավելապես խախտում են մարդու իրավունքների եվրոպական բարձր արժեքները և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները, հայտնում է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նույնպես խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից բնակավայրերի և խաղաղ բնակիչների վրա հարձակումները:

ԼՂՀ ՊՆ-ն ապրիլի 28-ին ադրբեջանական բնակավայրերի ու դրանց մոտ տեղակայված ռազմական օբյեկտների կադրեր է հրապարակել: ՊԲ հրապարակած լուսանկարներում և տեսանյութում, մասնավորապես, Ադրբեջանի բանակի հրետանային դիրքեր են Զանգիշալը, Քյուրդլար և Չեմենլի գյուղերում, քաղաքացիական օբյեկտներից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա:

Հաղորդագրությունում նշվում է, որ ԼՂՀ զինված ուժերի համար դրանցում նշված բոլոր ռազմական օբյեկտները, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների (Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի առաջին արձանագրություն, հոդված 52), հանդիսանում են լեգիտիմ թիրախներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---