ՊՆ խոսնակ. Ադրբեջանի զորքերի նոր կուտակումն ավելի մեծ է, քան ապրիլի առաջին օրերին

ՊՆ խոսնակ. Ադրբեջանի զորքերի նոր կուտակումն  ավելի մեծ է, քան ապրիլի առաջին օրերին

PanARMENIAN.Net - Ադրբեջանը շարունակում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում զորքերի տեղաշարժ իրականացնել: Զորքերի վերջին կուտակումներն ավելի մեծ են, քան ապրիլի առաջին օրերին:

Այդ մասին է հայտարարել պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մամուլի ասուլիսի ժամանակ:

Հովհաննիսյանը նշել է, որ նկատվել է ավելի մեծ զորախմբերի տեղաշարժ, սակայն այլ մանրամասներ չի կարող ասել: Նա շեշտել է, որ հակառակորդի տեղաշարժը հայկական հետախուզության ուշադրության կենտրոնում է:

Խոսելով ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության գործողությունների մասին, մամուլի խոսնակը նշել է, որ թեև ինչ-որ մասով կարելի է մեղադրել, սակայն անընդհատ կենտրոնանալ թեմայի վրա սխալ է:

«Տեղի են ունեցել այնպիսի մարտական դրվագներ, հետախուզության շնորհիվ կանխարգելիչ այնպիսի հարվածներ են եղել, որ եթե հետախուզությունը չլիներ, պատերազմը կարող էր այլ ընթացք ստանալ», - ասել է նա:

Հովհաննիսյանը նաև հերքել է Հայաստանում զորահավաքի մասին բոլոր տեղեկությունները՝ ընդգծելով, որ նման որոշման դեպքում կլինի համապատասխան հայտարարություն:

Խոսելով դիրքեր կորցնելու և վերադարձնելու մասին շրջանառվող լուրերի մասին՝ Հովհաննիսյանը ասել է.

«Դիրքեր կորցնելու-վերցնելու մասին լուրերը քիչ քննարկեք, փոքր տարածքներ վերցնելը կամ կորցնելն ինչքան քիչ քննարկենք, այդքան ավելի շատ կօգնենք զինվորականներին: Ամեն ինչ կավարտվի՝ ամեն ինչ կներկայացվի»:

Նա շեշտել է, որ ոչ ոք չի կարող ասել, թե որքան տարածք է կորցրել հայկական կողմը ապրիլի սկզբին տեղի ունեցած պատերազմի հետևանքով, գրում է Panorama.am-ը:

«Նման հաշվարկ այսօր ոչ մեկը չի կարող անել, որովհետև առնվազն պետք է գնալ տեղում, դիրքային տարածքներից սկսած ոտքով քայլել ու չափել: Այն բոլոր փորձերը, որ մի քանի դիլետանտներ գուգլ-մեփով փորձում են անել, լուրջ չէ», -հավելեց Հովհաննիսյանը:

Հարցին, թե կարո՞ղ է հենց նա տրամադրել ստույգ տեղեություն, խոսնակն ասել է. «Ոչ, որովհետև պատերազմ է գնում»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից կիրառվող զինատեսակների թեմային, Հովհաննիսյանը նշել է, որ բացարձակ զենք գոյություն չունի, և յուրաքանչյուր զենք ունի իր դեմ պայքարի մեթոդները: Ավելին նա չի ասել՝ պատճառաբանելով, թե ռազմական գաղտնիքներ կան, որոնք պետք չէ հանրայնացնել:

«Վստահ եղեք, եթե աշխարհում ռազմագիտական զարգացած միտքը ինչ-որ մի բանի դեմ փորձում է պայքարի միջոց գտնել, մենք նրանց չենք զիջում: 14 ԱԹՍ ենք խոցել, նշանակում է դրա դեմ պայքարի ձևերը, միջոցները գիտենք, ուղղակի ամեն ինչ չենք կարող բացել», - նկատել է Հովհաննիսյանը:

Մայիսի 2-ին ՊԲ-ն հայտնել էր, որ չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---