ԵԱՀԿ ՄԽ-ն Սարգսյան-Ալիև հանդիպում է առաջարկում. Կնպաստեն Վիեննայում դրա կայացմանը

ԵԱՀԿ ՄԽ-ն Սարգսյան-Ալիև հանդիպում է առաջարկում. Կնպաստեն Վիեննայում դրա կայացմանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեր Անդրիոն հայտարարություն են տարածել, որով նշում են, որ շփման գծի երկայնքով վերջին ժամանակներում բռնության դեպքերի և տիրող լարվածությունը թոթափելու համատեքստում ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն:

Նրանք ընդգծում են, որ հավատարիմ են մնում ղարաբաղյան հակամարտության միջնորդական ջանքերին:

«Մեր երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստել այդ հանդիպման կայացմանը հաջորդ շաբաթ, Վիեննայում: Նրանց հիմնական խնդիրը լինելու է զինադադարի ռեժիմի պահպանման ամրապնդումը և վստահություն ձեռք բերելու ուղիներ փնտրելը, որը կվերականգնի բանակցային գործընթացը՝ հիմնախնդրի լուծման հիմնարար սկզբունքների շուրջ», -ասված է համանախագահների հայտարարության մեջ, գրում է Panorama.am-ը:

Նշվում է, որ բանակցություններում ոչ մի հաջողություն չի կարող լինել շարունակվող բռնությունների պարագայում և ավելին, չի կարող լինել խաղաղություն, առանց բանակցությունների:

2015-ի դեկտեմբերի 19-ին շվեյցարական Բեռնում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Նախագահները քննարկել են վերջին շրջանում բռնությունների դեպքերը և հատուկ մտահոգություն են հայտնել զոհերի հետ կապված՝ այդ թվում և քաղաքացիական անձանց շրջանում՝ պայմանավորված ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ:

Նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների կողմից տարվող աշխատանքին այն առաջարկների շուրջ, որոնք ուղղված են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը՝ ներառյալ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---