ՀՀ ԱԳՆ. Սարգսյան-Ալիև առաջարկվող հանդիպման նպատակը 1994-ին հաստատված հրադադարի ամրապնդումն է

ՀՀ ԱԳՆ. Սարգսյան-Ալիև առաջարկվող հանդիպման նպատակը 1994-ին հաստատված հրադադարի ամրապնդումն է

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է արվել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացման և խաղաղ գործընթացը վերականգնելուն ուղղված քայլերին։ Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են, որ եռանախագահ երկրների կողմից առաջարկվող Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպման գլխավոր նպատակն է 1994թ. համաձայնագրով հաստատված զինադադարի ամրապնդումը, բանակցությունների վերսկսման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծման համար վստահության ամրապնդման միջոցների ներդրումը։

Նախարար Նալբանդյանը և պետքարտուղար Դեզիրը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, ինչպես նաև՝ ՀՀ և ԵՄ միջև նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ ընթացող բանակցային գործընթացը:

Նախարար Նալբանդյանը կարևորել է առկա ձեռքբերումների հիման վրա մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ԵՄ տարբեր ոլորտային ծրագրերում Հայաստանի մասնակցությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մայիսի 12-ին Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ միասին հետևողական ջանքերը՝ ապրիլի սկզբին տեղի ունեցածը բացառելու և հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու ուղղությամբ։

Նալբանդյանը վերահաստատել է, որ երբ համապատասխան պայմաններ ստեղծվեն, Հայաստանը շարունակելու է Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքն՝ ուղղված հիմնախնդրի՝ բանակցությունների միջոցով հանգուցալուծմանը:

Մայիսի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, որ շփման գծի երկայնքով վերջին ժամանակներում բռնության դեպքերի և տիրող լարվածությունը թոթափելու համատեքստում ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն: Նշվում է, որ ՌԴ, Ֆրանսիա և ԱՄՆ արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստել այդ հանդիպման կայացմանը հաջորդ շաբաթ, Վիեննայում:

Հայկական կողմը ներկայացրել է միջազգային կառույցներին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում բանակցային գործընթացին հասցված վնասը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ. հետաքննության մեխանիզմների ներդնում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ:

Ընթերցեք նաև. Նալբանդյանը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին. ՀՀ-ն կշարունակի բանակցությունները, երբ պայմաններ ստեղծվեն

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---