The Daily Mail. Հռոմի պապի այցը ՀՀ լարվածություն կառաջացնի Վատիկանի ու Անկարայի միջև

The Daily Mail. Հռոմի պապի այցը ՀՀ լարվածություն կառաջացնի Վատիկանի ու Անկարայի միջև

PanARMENIAN.Net - Բրիտանական The Daily Mail պարբերականն անդրադարձել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի` հունիսի 24-ին Հայաստան կատարելիք այցին` նկատելով, որ այդ փաստը կշարժի Թուրքիայի զայրույթն ու լարվածություն կառաջացնի Վատիկանի ու Անկարայի դիվանագիտական հարաբերություններում, հայտնում է Tert.am-ը:

Պարբերականը հիշեցնում է, որ անցած տարի Հռոմի պապը հրապարակայնորեն որպես «ցեղասպանություն» էր որակել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը:

«Իր եռօրյա այցի 2-րդ օրը պոնտիֆիկոսն այցելելու է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչը, անկասկած, կրկին լարվածություն կառաջացնի Վատիկանի ու Անկարայի միջև»,-գրում է պարբերականը` հիշեցնելով, որ անցած տարի Թուրքիան նոտա էր հղել Վատիկանի դեսպանին` Ֆրանցիսկոսի կողմից «ցեղասպանություն» բառն արտասանելու համար:

Ֆրանցիսկոս պապի այցը կմեկնարկի հունիսի 24-ին: Այցի շրջանակում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:

Նույն օրը երեկոյան Սրբազան քահանայապետը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:

Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:

2015-ի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Նա հայտարարեց, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---