ԼՂՀ ԱԳՆ-ն աջակցություն է հայտնել Վիեննայի հանդիպմանը ձեռք բերված համաձայնությանը

ԼՂՀ ԱԳՆ-ն աջակցություն է հայտնել Վիեննայի հանդիպմանը ձեռք բերված համաձայնությանը

PanARMENIAN.Net - ԼՂՀ ԱԳՆ-ն ողջունել է Վիեննայում կայացած ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Գերատեսչության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Դրական ենք գնահատում մայիսի 16-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղարի, Ռուսատանի արտաքին գործերի նախարարի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ և աջակցություն ենք հայտնում հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությանը միջադեպերի հետաքննությունների անցկացման ԵԱՀԿ մեխանիզմի շուրջ աշխատանքներն ավարտելու և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդլայնելու, ինչպես նաև ԿԽՄԿ հովանու ներքո անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը շարունակելու վերաբերյալ։

Մենք նաև կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը, որոնք բացառում են հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած հնարավորություն և պնդում 1994 թ.և 1995 թ. հրադադարի մասին համաձայնագրերի պահպանման անհրաժեշտությունը»։

Հայտարարության մեջ ասվում է, որ նշված համաձայնագրերը, որոնք վերջ դրեցին լայնածավալ ռազմական գործողություններին և այդպիսով հնարավորություն ստեղծեցին՝ որոնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, կնքվել են բանակցություններին բոլոր երեք կողմերի՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի լիարժեք մասնակցության շնորհիվ։ «Կարգավորման գործընթացի տրամաբանությունը պահանջում է հակամարտության վերջնական հանգուցալուծմանը հասնելու համար վերականգնել բանակցությունները հենց նշված եռակողմ ձևաչափով»,-ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---