Մինասյան. «Զվարթնոցում» սպասարկման վարձն ավելի ցածր է, քան Բաքվի ու Թբիլիսիի օդանավակայաններում

Մինասյան. «Զվարթնոցում» սպասարկման վարձն ավելի ցածր է, քան Բաքվի ու Թբիլիսիի օդանավակայաններում

PanARMENIAN.Net - Մեկ օդանավի սպասարկման արժեքի համեմատությամբ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սակագներն ավելի ցածր են, քան Թբիլիսիում և Բաքվում:

Այդ մասին է հայտարարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին պատասխանելիս:

Քոքոբելյանը պնդում էր, որ «բաց երկնքի» քաղաքականությանն անցնելը բերել է շուկայում իրավիճակի վատթարացմանը՝ խոշոր ավիաընկերությունները հեռացել են, տոմսերի գները թանկացել: «Դա հայտարարվեց իմիտացիայի համար, որպեսզի երևա, որ ավիացիան ավիրվել է», - Panorama.am հաղորդմամբ, ասել է Քոքոբելյանը:

Մինասյանն ի պատասխան ասել է սպասարկման վարձերի էժանության մասին, սակայն չի նշել կոնկրետ թվեր: «Երբ չեք տիրապետում այդ թվերին, կարող եք հայտարարել, բայց ես կուղարկեմ ձեզ այդ թվերը»,- ասել է նա:

Թբիլիսիից ավիատոմսերի գների էժանության մասին դիտարկմանն արձագանքելիս նախարարը հորդորել է չմոռանալ տարածաշրջանային զարգացումները: «Բաներ կան, որ այստեղից չեմ կարող ասել: Զարգացման տեղ ունենք, դա փաստ է, բայց դրա մեղավորը բաց երկնքի քաղաքականությունը չէ հաստատ»,- հայտարարել է Մինասյանը:

2013-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը, այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում կայացրեց 2013-ի ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում էր ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։ ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում:

Կարդացեք նաև. «Զվարթնո՞ց», Թբիլիսի՞, թե՞ Քութաիսի. Հայկական երկնքի վրացական այլընտրանքը

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---