«Անկախության և խաղաղության մասին երազելով». Արցախի կանայք` իտալացի լուսանկարչի աչքերով

«Անկախության և խաղաղության մասին երազելով». Արցախի կանայք` իտալացի լուսանկարչի աչքերով

PanARMENIAN.Net - Իտալացի լուսանկարիչ Կարլ Մանչինին ֆոտոռեպորտաժ է հրապարակել, որում Արցախի կանայք են, խորագիրն էլ՝ «Անկախության և խաղաղության մասին երազելով»:

Լուսանկարների մեկնաբանություններում Echo Photojournalism-ի լուսանկարիչը պատմել է ղարաբաղյան հակամարտության մասին, որն արդեն քառորդ դար է շարունակվում է, և, մասնավորապես, անդրադարձել Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային Արցախի դեմ 2016-ի ապրիլին:

Լուսանկարիչը նշել է, որ ապրիլի 2-5-ը ռազմական գործողություններում երկու կողմը հսկայական կորուստներ են կրել, թեև, ըստ Մանչինիի, ադրբեջանական կողմից կորուստներն ավելի մեծ են եղել: Լուսանկարիչը հիշեցրել է նաև, որ ռազմական գործողությունները շփման գծում շարունակվում են մինչև օրս, չնայած կողմերը կրակի դադարեցման մասին պայմանավորվածության են հասել:

Մանչինին կարևորում է ղարաբաղյան կնոջ դերը հակամարտությունում, քանի որ գրեթե յուրաքանչյուր արցախցի կին ռազմաճակատում ամուսին, հայր կամ եղբայր ունի: Ոմանց ընտանիքի գրեթե բոլոր անդամները ծառայում են ԼՂՀ ՊԲ շարքերում: Արցախի կանայք համբերատար սպասում են իրենց տղամարդկանց, և գուցե հենց նրանց շնորհիվ է, որ կյանքը երկրում շարունակվում է, պահպանվում են նորմալ գոյատևման համար անհրաժեշտ պայմանները:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում Կարլ Մանչինին նշեց, որ իր ռեպորտաժներն Արցախի կանանց մասին կարևոր են իր համար և մեծ արժեք ունեն, քանի որ նրան շատ է դուր եկել Արցախը: Նրա խոսքով, սա Ղարաբաղին նվիրված իր առաջին աշխատանքը չէ. ավելի վաղ նա ֆոտոլրագրող Ժանմարկո Մարավիլյայի հետ համատեղ ներկայացրել էր «Ծաղկունքը սև այգում» լուսանկարչական նախագիծը, որը հրատարակվել է Newsweek (ԱՄՆ), Internazionale (Իտալիա) և La Croix (Ֆրանսիա) հանդեսներում:

«Ես առաջին հայացքից սիրահարվեցի Երևանին, իսկ հետո` Ղարաբաղին: Բոլորը շատ բարի էին իմ հանդեպ և աջակցում էին աշխատանքիս առաջին իսկ քայլերից»,- ասաց լուսանկարիչը` նշելով, որ վերջին 12 տարում եղել է 87 երկրում, որտեղ ռեպորտաժներ է արել տարբեր սոցիալական թեմաներով. կանանց հանդեպ բռնություն, ցեղասպանություններ, փոքրամասնությունների հալածանքներ, պատերազմների հետևանքներ և այլն:

«Առաջին անգամ Արցախ այցելելու գաղափարն առաջացավ ինձ ու իմ կոլեգա Մարավիլյայի մոտ, երբ որոշեցինք երիտասարդ սերնդի աչքերով ցույց տալ չճանաչված պետությունները, որն այնտեղ է ծնվել անկախության հռչակումից հետո»,- ասաց Մանչինին` հավելելով, որ սիրեց հայերին, այդ թվում՝ արցախցիներին, քանի որ զգում է իր նմանությունը նրանց:

«Նրանք շատ էմոցիոնալ են լավ և վատ իմաստով, բայց ազնիվ, հավատարիմ իրենց զգացմունքներին: Նրանք համառ են ու հավատարիմ ավանդույթներին: Այնքան էլ «ավանդապաշտ» չեմ, սակայն սիրում եմ հասարակ բաներ, ինչպես և ղարաբաղցիները: Կանայք ուղղակի զարմանալի են: Նրանց սերը հավերժ է, շատ խիզախ են ու միևնույն ժամանակ այնքան փխրուն: Ինձ դուր է գալիս ռեպորտաժներ պատրաստել կանանց մասին, քանի որ նրանք չեն ամաչում ցուցադրել իրենց կյանքն ու բացել սիրտը: Ավելի խիզախ են տղամարդկանցից, որոնք հաճախ ձևացնում են ավելի ուժեղ ներկայանալու համար, քան կան իրականում: Կանանց դա հարկավոր չէ: Նրանք սովոր են ամենօրյա պայքարին և աշխարհի չորս կողմում ամեն օր բախվում են հանրության թշնամական վերաբերմունքին»,- ասաց Մանչինին` հավելելով, որ ինքն էլ մեծացել է կանաց շրջապատում, քանի որ միակ տղամարդն ընտանիքում հայրն էր: Լուսանկարիչը պատմել է, որ մինչև օրս նրա շրջապատի 95%-ը կանայք են, ինչն իրեն հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ կանանց:

Խոսելով Արցախի կանանց մասին` լուսանկարիչը նշել է, որ նրանք ասելիք ունեն:

«Դուք կարող եք ուղղակի նայել նրանց աչքերին ու հասկանալ դա: Նրանք սատարում են առաջնագծում կանգնած տղամարդկանց, անտրտունջ տանում բոլոր տառապանքներն ու միայնակ մեծացնում երեխաներին: Տղամարդու համար չափազանց կարևոր է այդպիսի աջակցությունը: Մի անգամ մի քանի ժամ անցկացրի ղարաբաղցի իմ ընկերուհու հետ Արցախի գեղատեսիլ վայրերից մեկում, մենք ուղղակի պատմում էինք միմյանց մեր պատմություններն ու նայում ամպերին: Երբեք չեմ մոռանա այդ ժամերը, այդ պարզ զգացմունքները, որոնք պետք է ցանկացած հարաբերությունների հիմքը կազմեն… Իմ աշխարհում նման բաները շատ հազվագյուտ են»,- ասաց լուսանկարիչը:

Եզրափակեց նա նրանով, որ ղարաբաղցի կանանց դիմանկարներն իր համար ուղղակի գործեր չեն` յուրաքանչյուր դիմանկար նվեր է կնոջն այն գեղեցկության համար, որ վերջինս նվիրել է:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---