Օզդեմիր. Ընդունում ենք կայզերական Գերմանիայի՝ ցեղասպանություն հանցանքը չկանխելու մեղքը

Օզդեմիր. Ընդունում ենք  կայզերական Գերմանիայի՝ ցեղասպանություն հանցանքը չկանխելու մեղքը

PanARMENIAN.Net - Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, «Կանաչների կուսակցության» համանախագահ ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո առաջին անգամ խոսել է բանաձևի մասին:

Օզդեմիրը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախաձեռնողն է ու համահեղինակ:

Բունդեսթագի ընդունած բանաձևն իր նշանակությամբ տարբերվում է այլ խորհրդարանների կողմից ընդունված բանաձևերից:

«Մենք, որպես Գերմանիայի դաշնային խորհրդարան, ընդունում ենք ներկայիս Գերմանիայի նախորդի՝ կայզերական Գերմանիայի մեղքը, որ նա գործել էր մարդկության դեմ իրականացված այս հանցագործությունը չկանխելով, հակառակ այն բանի, որ ունեցել է հայերի ծրագրված տեղահանության և ջարդերի մասին ակնհայտ փաստեր՝ ուղարկված դիվանագետների և միսիոներների կողմից»,- ասել է Օզդեմիրն՝ ընդգծելով, որ բանաձևի ընդունմամբ ո՛չ ներկայիս Թուրքիային են մեղադրում, ո՛չ էլ Գերմանիային, հայտնում է «Ակօս» շաբաթաթերթը:

«Դեռ ավելին, մեր պարտականությունն ենք համարում գործադրել ամեն հնարավոր ջանք Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման համար»:

Օզդեմիրը բանաձևի ուղերձի մասին խոսելիս, նշել է. «Ուղերձը, որ ցանկանում էինք հղել, շատ պարզ է և ակնհայտ է. մենք ընդունում ենք մեր պատասխանատվությունը և ցանկանում ենք առերեսվել ցավոտ անցյալի հետ, որը մեր պատմության մի մասն է: Ասում ենք՝ եկեք միասին անենք դա, որքան էլ դժվար լինի: Վստահ եմ, որ սա Թուրքիայում արձագանք կգտնի և ավելի կուժեղացնի սրա համար պայքարող Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիական հասարակությանը: Այլևս հետդարձ չկա»:

Հայկական բանաձևի համահեղինակը կարծում է, որ այսուհետև կարիք չկա ժխտողական քաղաքականություն վարել:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:

Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը:

Թուրք ազգայնականները սպառնում են սպանել Բունդեսթագում ցեղասպանության բանաձևը նախաձեռնողին

Օզդեմիրը՝ Էրդողանին. Պարտավոր չենք համապատասխանել ավտորիտար առաջնորդի քմահաճույքներին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---