Քաշաթաղում բերքահավաքը վերսկսվում է. Վնասի չափը ճշտվում է

Քաշաթաղում բերքահավաքը վերսկսվում է. Վնասի չափը ճշտվում է

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ի դրությամբ Քաշաթաղի շրջանի հարավային թևի Կովսականի, Միջնավանի քաղաքային և Վանի, Մուշի, Երիցվանքի, Աղաձորի, Արծվաշենի Իշխանաձորի, Գետամեջի գյուղական համայնքների և պետական պահուստային ֆոնդի հողատարածքներում ընդհանուր հնձվել է 2.550 հա գարու արտ, ստացվել է 6.489 տ բերք` 25,4ց/հա միջին բերքատվությամբ:

Հունիսի 7-ին դաշտերում աշխատել է 51 կոմբայն, հնձվել է 485 հա տարածք, ստացվել է 1.123 տ բերք` 23,1ց/հա բերքատվությամբ: Նույն օրը` երեկոյան և ամբողջ գիշերը տեղացած առատ տեղումների (նաև կարկուտ) պատճառով բերքահավաքի աշխատանքները մինչև հունիսի 13-ը, դադարեցվել են: Տեղացած կարկտի հետևանքով Որոտանի ձախափնյա և Հակարիի աջափնյա հատվածում` Հայկազյանի և Քաշունիքի գյուղական համայնքների ցանքատարածքներում, ինչպես նաև Հակարիի ձախափնյա Թովմասարի սարահարթում (Գետամեջի և Այգեկի գյուղական համայնքների ցանքատարածքներում) նախնական տվյալներով գարու և ցորենի արտեր են վնասվել:

Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը նշել է, որ հունիսի 7-ին շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով` ճշտելու վնասների չափերը և աստիճանը, գրում է Aravot.am-ը:

Նույն տեղումների պատճառով սարահարթից իջած հեղեղները տասնյակից ավելի հեղեղատներով իջել են Քաշունիքի և Հայկազյանի տարածքներ` մեծ վնաս հասցնելով հատկապես ճանապարհներին, ոռոգման ջրատարներին ու տնամերձերին: Հայկազյանում վնասվել է նաև 8 տան կտուր, կոտրվել են ծառեր:

Այս օրերին «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են ճանապարհների ու ջրատարների մաքրման և բարեկարգման աշխատանքներ:

Քաշունիքի գյուղական համայնքի ղեկավար Լևոն Մովսիսյանը տեղեկացրել է, որ արդեն հնարավոր է երթևեկել համայնքի ճանապարհներով, սակայն բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Այժմ տարածքում արևոտ եղանակ է, և կեսօրից հետո հնարավոր է սկսել հնձի աշխատանքները:

Հանրապետության տարածքում հունիսի 4-7-ը շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին անձրև և ամպրոպ էր, առանձին հատվածներում կարկուտ է տեղացել: Հունիսի 8-9-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում կարճատև անձրև և ամպրոպ էր, առանձին հատվածներում՝ կարկուտ:

Հունիսի 11-ին հյուսիսային շրջաններում, 10-ին, 12-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին կարճատև անձրև և ամպրոպ էր արձանագրվել, առանձին հատվածներում՝ կարկուտ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---