ԿԲ-ն՝ ՀՀ-ից ֆիկտիվ արտահանման ռիսկի մասին. Մոսկվան որևէ փաստի հղում չի անում

ԿԲ-ն՝ ՀՀ-ից ֆիկտիվ արտահանման ռիսկի մասին. Մոսկվան որևէ փաստի հղում չի անում

PanARMENIAN.Net - Հունիսի 23-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը զգուշացրել է ռուսական բանկերին Հայաստանից կամ Ղրղզստանից ֆիկտիվ ներկրման հետ կապված կասկածելի գործարքներում ընդգրկվելու ռիսկի մասին: Համապատասխան նամակը ԿԲ փոխնախագահի ստորագրությամբ հրապարակվել է «Ռուսաստանի բանկի վեստնիկում»:

ՌԴ ԿԲ-ն նշել է, որ Հայաստանից և Ղրղզստանից ապրանքների գծով կասկածելի գործարքներ կարող են լինել խուսափումը հարկերից, «ստվերային» ներմուծման ֆինանսավորումն ու հանցավոր եղանակով ստացած եկամուտների լվացումը:

ՌԴ կենտրոնական բանկի կողմից ռուսաստանյան բանկերին ուղղված զգուշացման վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների առնչությամբ Հայաստանի Կենտրոնանական բանկը հայտնեց PanARMENIAN.Net ին, որ դրանցում Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատությունների մասնակցությամբ իրականացված՝ հարկերից խուսափելու, «ստվերային» ներմուծումը ֆինանսավորելու կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացմանը նպաստելու որևէ հաստատված փաստի կամ արձանագրված դեպքի հղում չի կատարվում:

ԿԲ-ից նշեցին, որ այս զգուշացումը բացառապես կանխարգելիչ բնույթ ունի և վերաբերում է դիտարկվող ոլորտում տեսականորեն հնարավոր, բայց ոչ ամենևին՝ փաստացի դրսևորված ռիսկերին:

«Միաժամանակ, հրապարակման մեջ նշված երևույթների դեմ պայքարի իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների մասով ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործուն համակարգ: Հայաստանյան իրավասու պետական մարմինների կողմից ձեռնարկվում են օրենսդրությամբ և միջազգային պահանջներով սահմանված բոլոր անհրաժեշտ գործողությունները, այդ թվում լայնամասշտաբ գործակցություն Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ համապատասխան տեղեկությունների փոխանակման մասով՝ հնարավոր կասկածելի գործարքները կամ գործարար հարաբերությունները ժամանակին հայտնաբերելու և կանխելու նպատակով», - հայտնեցին ՀՀ ԿԲ-ից:

Հայաստանից և Ղրղզստանից ապրանքներ գնող հաճախորդներին ստուգելիս ՌԴ ԿԲ-ն խորհուրդ է տալիս ղեկավարվել նույն չափանիշներով, որոնք գործում են Բելառուսի և Ղազախստանի համար գործարքների դեպքում: Եթե բանկի կասկածները հաստատվում են, հարկ է մերժել հաճախորդին և փակել հաշիվը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---