Թալիշի գյուղապետը գնդակոծման փաստով դիմում է ներկայացրել ԼՂՀ ՄԻՊ-ին

Թալիշի գյուղապետը գնդակոծման փաստով դիմում է ներկայացրել ԼՂՀ ՄԻՊ-ին

PanARMENIAN.Net - 2016թ. հունիսի 30-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին դիմում է ներկայացրել այն մասին, որ համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքներում ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել հացահատիկի բերքահավաք իրականացնող խաղաղ բնակչության ուղղությամբ, հայտնում է ԼՂՀ ՄԻՊ գրասենյակը:

Համայնքի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ անվտանգության նկատառումներով բերքահավաք աշխատանքները դադարեցվել են:

Հունիսի 30-ին` ժամը 14:10-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարը Թալիշի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ, որի արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել:

ԼՂՀ մարդու իրավունքի պաշտպան Ռուբեն Մելիքյանը խստորեն դատապարտել է Թալիշ համայնքի բնակիչների կյանքի իրավունքի և սեփականության իրավունքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի ոտնձգությունը և միջազգային հումանիտար իրավունքի պահանջների ոտնահարումը։

Մարդու իրավունքների պաշտպանության առաքելություն իրականացնող և հատկապես Ադրբեջանում գործունեություն ծավալող իրավասու միջազգային կազմակերպություններին պաշտպանը կոչ է անում գործուն միջոցներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու ուղղությամբ։

Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով, պաշտպանի աշխատակազմն իրականացնում է միջադեպի հանգամանքների փաստագրում և իրավական վերլուծություն, որոնց արդյունքները հասանելի կդարձվեն հանրությանը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը պարբերաբար հրաձգային զինատեսակներից սկսել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ թիրախ ընտրելով սահմանին մերձակա գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հրաժարվել իր սադրիչ գործողություններից և չթիրախավորել գյուղատնտեսական աշխատանքներին ընդգրկված խաղաղ բնակչությանը, այլապես ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---