Իրանը հետաքրքրված է Հայաստանի ջրային ռեսուրսներով

Իրանը հետաքրքրված է Հայաստանի ջրային ռեսուրսներով

PanARMENIAN.Net - Իրանը հետաքրքրված է Հայաստանի ջրային ռեսուրսներով: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, հայտնում է Tert.am-ը:

Նա հիշեցրել է, որ ժամանակին Իրանն իր ցանկության մասին հայտնել էր: «Իրենք ուզում են մեր ջրերը Սևանից և այլ տեղերից տանել Ուրմիա լիճ: Մենք ուղղակի քաղաքական նկատառումներով չգնացինք դրան: Հարևան Իրանը նման հետաքրքրություն ունի, բայց ես չգիտեմ՝ դա ե՞րբ իրականություն կդառնա»,- ասել է Արամ Հարությունյանը՝ նշելով առայժմ նախագիծ չկա, բայց հետաքրքրություն կա։ Նա նաև հավելել է.«Բայց ոչ մի ռեալ գործողության մեջ չենք: Հիմա չի կարելի նման բան անել: Պետք է մի լավ քննարկել այդ հարցը»:

Իրանին ջրային ռեսուրսներ տրամադրելու հարցը քննարկվում էր դեռևս 2012-ին. հարևան երկիրը դիմել էր Հայաստանին` օգնելու փրկել Ուրմիա լիճը ցամաքումից: Ակնկալվում էր ջուր տեղափոխել` լճի ջրի մակարդակի կրիտիկական անկման դեմ պայքարելու նպատակով: Ավելի վաղ Իրանի իշխանությունները լճի վերականգնողական նախագծերի համար ծրագրել էին ջուր տեղափոխել Արաքսի ադրբեջանական մասից, սակայն Ադրբեջանն առարկել էր, և 950 միլիարդ թուման արժողությամբ ծրագիրը չէր իրականացվել: Իրանը նշում էր, որ լճի ցամաքումը կհանգեցնի ազգային բնապահպանական աղետի, որն իր բացասական ազդեցությունը կունենա նաև հարևան երկրների վրա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---