Գինեգործների միության նախագահ. Խաղողի արտահանման ծավալների ավելացման պայմանավորվածությունը ՌԴ հետ կպահպանվի

Գինեգործների միության նախագահ. Խաղողի արտահանման ծավալների ավելացման պայմանավորվածությունը ՌԴ հետ կպահպանվի

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հետ կա պայմանավորվածություն, որ խաղողի արտահանման ծավալները 2016-ին ավելացվեն: Այդ մասին հայտարարել է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, հայտնում է Tert.am-ը:

Նա նաև կարծում է, որ այդ պայմանավորվածությունը կպահպանվի՝ անկախ Թուրքիայի նկատմամբ ՌԴ պատժամիջոցները վերացնելուց: «Պատժամիջոցների վերացումը, իհարկե, կազդի, բայց մենք այդ ծավալներն էլ չունեինք, որ փոխարինենք Թուրքիայի խաղողը: Այսինքն՝ էական ազդեցություն չի ունենա: Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները հանելը մեծ ողբերգություն չէ, սակայն հնարավոր է, որ Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները 20-25 տոկոսով չիրականանան»,-ասել է միության նախագահը և նշել, որ բացի Ռուսաստանից Հայաստանն այլ երկրներ խաղողի մեծածավալ արտահանում չի իրականացնում:

«Մենք մեծ ծավալի որակյալ խաղող չունենք և ծավալային առումով Թուրքիային մրցակից չենք, խաղողի արտադրության ծավալով նա աշխարհում երրորդ տեղում է գտնվում »,-ասել է Ավագ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է այս տարի խաղողի բերքի ծավալներին, Ավագ Հարությունյանը չնայած վաղ համարեց գնահատելը, թե ինչպիսի բերք կունենանք, սակայն նշել է, որ տարին կլինի լարված, քանի որ գործարանները չեն կարող մթերել: «Ծավալներն անցած տարվա չափ կլինեն, սակայն լարումը կպահպանվի, քանի որ մենք ունենք լճացում, չիրացում»,-ասել է Գինեգործների միության նախագահը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության կողմից խաղողագործության և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով կստեղծվի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կառավարության նիստում նշել է, որ որոշման ընդունումը պայմանավորված է խաղողագործության և գինեգործության ոլորտներում արձանագրված հաջողություններն ամրապնդելու և զարգացման հետագա ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվում է հիմնել խաղողագործության և գինեգործության ոլորտներում առկա խնդիրների լուծմանը մեծապես նպաստող, ոլորտների շահերը արտացոլող, ֆինանսական որոշակի հնարավորություններ ունեցող առանձին կառույց, որը կգործի պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---