ՀՀ ԱԳՆ. ՌԴ կողմից Հայաստանի առջև Հարավային Օսիայի ճանաչման հարց չի դրվել

ՀՀ ԱԳՆ. ՌԴ կողմից Հայաստանի առջև Հարավային Օսիայի ճանաչման հարց չի դրվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կողմից Հայաստանի առջև Հարավային Օսիայի ճանաչման հարց չի դրվել: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարությունը՝ մեկնաբանելով վրացական ԶԼՄ-ներում այն տեղեկատվությունը, համաձայն որի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր, թե Վերին Լարսի փակումից հետո Հարավային Օսիայի տարածքով տարանցումը խափանվել է ՌԴ պատճառով:

Ըստ նրա՝ ՌԴ-ն կապել է հարցը Հարավային Օսիայի կարգավիճակի հետ:

Ինչպես պարզաբանել է վարչապետը, վրացական «Գրավյալ տարածքների մասին օրենքը» ենթադրում է բեռների տեղափոխում Հարավային Օսիայի տարածքով ֆորս-մաժորային պայմաններում` չեզոք կարգավիճակի պահպանմամբ: «Մենք ցանկանում էինք այս ռեժիմով փոխադրել բեռները, նվազեցնելու համար վնասը մեր և օտար գործարարների համար: ՌԴ կողմից ոչ համարժեք պատասխան եղավ` կապված իր կողմից ճանաչված տարածքի կարգավիճակի հետ, ուստի մենք հրաժարվեցինք թույլ տալ բեռների փոխադրումն այդ տարածքով»,- ասել էր Կվիրիկաշվիլին:

PanARMENIAN.Net –ի հուլիսի 7-ի հարցմանն ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանել հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը պահանջել է Հայաստանից ճանաչել Հարավային Օսիան: Սակայն, ՌԴ ԱԳՆ-ն չի հերքել, որ իրեն դիմել են Հարավային Օսիայի տարածքով տարանցման հարցով: Ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն միայն հայտարարել է, որ «Հարավային Օսիայի տարածքով ավտոմոբիլային հաղորդակցության թեման հարկ է քննարկել այդ պետության իշխանությունների հետ»` դրանով իսկ անուղղակիորեն հաստատելով, որ Մոսկվան հրաժարվել է բանակցություններից կամ տարանցման կազմակերպումից առանց հարավօսական կողմի մասնակցության:

Ցխինվալով անցնող ավտոճանապարհը 2008թ. ռուս-վրացական հակամարտությունից հետո փակ է և հիմնական ուղին, որը կապում է ՀՀ-ն ՌԴ հետ Վերին Լարսով անցնող ճանապարհն է, որը հաճախակի փակվում է սելավների և ձնահյուսների պատճառով:

Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---