Բրայզա. Մոսկվան փորձում է ԼՂ հակամարտության կողմերին մոտեցնել փոխզիջումների միջոցով

Բրայզա. Մոսկվան փորձում է  ԼՂ հակամարտության կողմերին մոտեցնել փոխզիջումների միջոցով

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերը վկայում են, որ Մոսկվան փորձում է ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումները փոխզիջումների միջոցով միմյանց մոտեցնել: Այս մասին ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:

«Իմ կարծիքով, արտգործնախարար Լավրովը նախագահ Պուտինի կարգադրումով սեղանի վրա նոր առաջարկ է դրել՝ փորձելով վերամշակել այն շրջանակային համաձայնագիրը, որը մշակվել էր դեռ մեր օգնությամբ 2007-ին Մադրիդում», - ասել է Բրայզան, հաղորդում է Ամերիկայի Ձայնը:

Նրա կարծիքով, մադրիդյան սկզբունքները հիմնականում փոփոխությունների չեն ենթարկվել անցած տարիների ընթացքում.

«Շրջանակային փաստաթղթում արմատական փոփոխություններ չեն եղել, որովհետև դա խնդիրը լուծելու միակ տրամաբանական ուղին էր»:

Բրայզայի խոսքով, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները սկզբունքային համաձայնության էին եկել շրջանակային փաստաթղթի շուրջ, և ակնկալվում էր, որ ձեռք է բերվելու վերջնական համաձայնություն, որին հետևելու էին վերջնական պայմանագրի մշակմանն ուղղված երկարատև բանակցությունները:

«Սակայն, գործընթացն առաջ չընթացավ, որովհետև ո՛չ նախագահ Ալիևը, ո՛չ նախագահ Սարգսյանը միմյանց նկատմամբ չունեին բավարար վստահություն՝ քաղաքացիներին բարդ որոշումների մասին տեղեկացնելու համար»:

Բրայզայի կարծիքով, Երևանում տեղի ունեցած վերջին շաբաթների ճգնաժամը պայմանավորված է առաջին հերթին ղարաբաղյան հակամարտության շուրջ իշխանությունների կողմից հնարավոր փոխզիջումների հետ անհամաձայնությամբ.

«Խոսքն այժմ գնում է նոր փոխզիջման մասին, որը կողմերին կմոտեցնի միմյանց: Կարծում եմ, Հայաստանի քաղաքական համակարգում որոշ մարդիկ չեն ցանկանում փոխզիջումների գնալ։ Արդյունքում՝ եղավ այս ճգնաժամը»:

ՌԴ-ն չի պատրաստվում Ադրբեջանին ու Հայաստանին պարտադրել ղարաբաղյան հակամարտության որևէ պատրաստի լուծում, սակայն պատրաստ է աջակցել կողմերի առաջարկած ցանկացած տարբերակին: Այդ մասին է հայտարել օգոստոսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ըստ Պուտինի, փոխզիջումային տարբերակը նախատեսում է «տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև օպտիմալ հավասարակշռության ձեռքբերում»: ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան հասկանում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության ուսերին ընկած բեռի ողջ ծանրությունը:

Կարդացեք նաև՝ Բալայան. «Անի» կետրոնի «Կազանյան փաստաթուղթը» փորձագիտական աշխատանքի արգասիք է

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---