«Իզվեստիա». Մոսկվան ՀՀ-ին տրամադրում է նույն տեսակի զենքը, որը վաճառել էր Ադրբեջանին

«Իզվեստիա». Մոսկվան ՀՀ-ին տրամադրում է նույն տեսակի զենքը, որը վաճառել էր Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Ռուսական «Իզվեստիա» թերթն օգոստոսի 16-ին «Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի նույն զենքը ինչ և Ադրբեջանին» վերնագրով հոդված է հրապարակել, որում նշված է, որ 200 միլիոնանոց վարկի դիմաց զենքի մատակարարումը Հայաստանին արդեն սկսվել է։ Սակայն պաշտոնական Մոսկվան ու Երևանը ժամկետների ու մատակարարվող զենքի տեսակի մասին մանրամասներ չեն հայտնում։

Հոդվածի հեղինակը գրում է, որ զենքի մատակարարումից բացի ռուսական կողմը զբաղվելու է նաև այդ զենքը սպասարկող հայ մասնագետների վերապատրաստմամբ, հաղրոդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ընդ որում, «Իզվեստիան» զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով հաստատել է այս տեղեկությունը։

Փորձագետների կարծիքով խոսքը ծանր սպառազինության մասին է, որը զգալիորեն կուժեղացնի հայկական բանակը։ Սրա հետ մեկտեղ «Իզվեստիան» շեշտում է, որ թեև մատակարարումը սկսվել է, այդուամենայնիվ՝ զինատեսակների վերջնական ցուցակը դեռ համաձայնեցված չէ։ Թեև պաշտոնական Երևանը հրաժարվել է մանրամասնել թե հատկապես ինչ զինատեսակների մասին է խոսքը, ռուսական թերթը գրում է, որ Հայաստանը մտադիր էր Ռուսաստանից գնել նախ և առաջ «Սմերչ» և «Սոլնցեպյոկ» համակարգերը, «ԻԳԼԱ – ԷՍ» հրթիռային համակարգը, ռադիոտեխնիկական «Ավտոբազա ԷՄ» համակարգը, «Տիգր» զրահամեքենաներ։

Ռազմական հարցերով փորձագետ Անդրեյ Ֆրոլովը թերթին ասել է, որ Մոսկվան Հայաստանին տրամադրում է նույն այն զենքը, ինչ ավելի վաղ գնել էր Ադրբեջանը: Այդ զենքը, իհարկե, կուժեղացնի հայկական կողմին, սակայն միևնույն է՝ Բաքուն կպահպանի որոշակի առավելություն, կարծում է փորձագետը։

«Հայաստանի և Ադրբեջանի բյուջեների տարբերությունը շատ մեծ է։ Այս պայմաններում հնարավոր է միայն հստակ հասցեագրված ներդրումներով իրավիճակը չհասցնել կրիտիկականի»,- ասում է ռուսաստանցի փորձագետը։

Նա նաև հիշեցնում է, որ 2011-2012-ին կնքված համաձայնագրերով Ռուսաստանը Ադրբեջանին մոտ չորս միլիարդ դոլարի զենք էր վաճառել։

Հուլիսի 18-ին ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում պահպանելու համար հավասարության սկզբունքը Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու հարցում:

2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ տրամադրի՝ սպառազինության ձեռքբերման համար: ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը ապրիլի 11-ին հայտարարեց, որ ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է:

Մինչդեռ Ռուսաստանն ամբողջովին կատարել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարման մասով իր ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները. 65 միավոր տանկ, 78 միավոր ռազմական զրահամեքենա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---