Չավուշօղլու. Գերմանացի պատգամավորները կայցելեն «Ինջիրլիք», եթե Բունդեսթագը հրաժարվի Ցեղասպանության բանաձևից

Չավուշօղլու. Գերմանացի պատգամավորները կայցելեն «Ինջիրլիք», եթե Բունդեսթագը հրաժարվի Ցեղասպանության բանաձևից

PanARMENIAN.Net - Գերմանացի օրենսդիրներին հնարավորություն կտրվի այցելել «Ինջիրլիք» ռազմակայան, եթե Գերմանիայի կառավարությունը հրաժարվի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Պաշտոնական Անկարան, վրդովված Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, արգելել էր գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմակայան, որտեղ Գերմանիան 6 հետախուզական օդանավ ունի և վառելիքով վերալիցքավորող մի տանկեր՝ դրանցով օժանդակելով «Իսլամական պետության» դեմ Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի հարվածներին: Գերմանացի օրենսդիրները սպառնացել են դադարեցնել առաքելությունը, եթե Թուրքիան թույլ չտա իրենց այցելել ռազմակայան:

«Դա կախված է Գերմանիայի ձեռնարկած քայլերից: Եթե նրանք անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն, մենք թույլ կտանք այցելել: Սակայն, դժբախտաբար, պետք է ասեմ, որ նրանց, ովքեր անարդարացիորեն խառնվում են մեր պատմությանը և մեքենայություններ անում դրա հետ, չի կարող թույլատրվել այդ այցելությունը», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Անկարայում ասուլիսի ժամանակ հայտարարել է Չավուշօղլուն, հավելելով, թե «անհրաժեշտ քայլեր»՝ նշանակում է Գերմանիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի բանաձևից հրաժարվելը և հստակեցնելը, որ չի սատարում այն:

Գերմանիայի արտգործնախարարությունը չի մեկնաբանել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը՝ նշելով, որ խոսնակ Մարտին Սխեֆերը տվյալ թեմային անդրադարձել էր, երբ նրան հարցրել են Բունդեսթագի բանաձևից կառավարության հրաժարվելու հնարավորության մասին: «Գերմանական Բունդեսթագի բանաձևը գերմանական սահմանադրական մարմնի քաղաքական հռչակագիր է: Կարծում եմ՝ շատ լավ գաղափար է, որ սահմանադրական կառույցները մեկը մյուսի աշխատանքը մեկնաբանեն շատ զգուշորեն, եթե առհասարակ պետք է մեկնաբանեն», - շեշտել է նա:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։

Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:

Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը: Բանաձևի ընդունումից հետո Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա: էրդողանը հայտարարել է, որ հարկավոր է ստուգել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների «արյունը, քանի որ նրանց ծագումը կասկածելի է»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---