Խանումյանին ծեծելու դեպքով հարուցված քրգործը կարճվել է. Որոշումը կբողոքարկվի

Խանումյանին ծեծելու դեպքով հարուցված քրգործը կարճվել է. Որոշումը կբողոքարկվի

PanARMENIAN.Net - ԼՂՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը համաներման հիմքով կարճվել է: Այդ մասին ասել է ինքը Խանումյանը, հայտնում է Tert.am-ը:

«Այսինքն՝ համաներումով ազատ կարձակվեն մեղադրյալները»,-ասել է նա և նշել, որ տեղի բոլոր դատական ատյանները սպառելով՝ կբողոքարկեն այս որոշումը նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ համաներում էր հայտարարվել, որից հետո Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրգործը վերաորակվել էր՝ առևանգումից դառնալով խուլիգանություն: Խանումյանը հայտարարել էր, որ սա արվել է, որպեսզի համաներումը տարածվի մեղադրյալների վրա:

Ավելի վաղ Հայկ Խանումյանի քրգործի մասին հայտարարությամբ հանդես էր եկել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով նշել էր, որ Դատախազությունը պետք է պարզաբանի մեղադրյալների արարքների վերաորակման հիմնավորումը:

Հունիսի 6-ին Ստեփանակերտի կենտրոնում ծեծի էր ենթարկել ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: Վերջինս լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ երբ դուրս է եկել Ազգային ժողովի շենքից, իրեն մոտեցել են 7-8 հոգի զինվորական համազգեստով անձինք, ծեծելով նստեցրել են մեքենան, տարել Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող գյուղ, որտեղ մոտ 20 հոգով սկսել են հարվածել: Ավելին՝ հայտնի դարձավ, որ Հայկ Խանումյանին ծեծողները նրան ստիպողաբար գրել են տվել, թե իբր Սամվել Բաբայանի դիմավորումը կազմակերպել է փողի դիմաց, որը իրեն անձամբ տվել է Սամվել Բաբայանը:

Գործով երեք մեղադրյալները կալանավորված են:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---