10 ուսանող «Ավրորայի» և Մերձավոր Արևելքի հիմնադրամի Երախտագիտության կրթաթոշակ կստանա

10 ուսանող «Ավրորայի» և Մերձավոր Արևելքի հիմնադրամի Երախտագիտության կրթաթոշակ կստանա

PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Մերձավոր Արևելքի հիմնադրամի 2016թ. Երախտագիտության կրթաթոշակ կստանա, ընդհանուր առմամբ, 10 ուսանող. Ամալ Քլունիի անվան կրթաթոշակ կստանա լիբանանցի ևս մի ուսանողուհի:

Երախտագիտության կրթաթոշակ ստացած 10 ուսանող՝ Սիրիայից, Պաղեստինից, Իսրայելից, Հորդանանից, Պաղեստինյան տարածքներից և Լիբանանից, սեպտեմբերին իրենց ուսումը կսկսեն United World Colleges (Աշխարհի միացյալ քոլեջներ, UWC) ցանցի դպրոցներում աշխարհով մեկ։ Այս ուսանողներն ընտրվել են ցուցաբերած ուսումնական բարձր առաջադիմության հիման վրա։ Նրանք փախստական են, կամ ծնողազուրկ, կամ տեղահանված՝ ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում, տեղեկացնում է «Ավրորա» հիմնադրամը։

Ուսանողներից յոթը կսովորեն Հայաստանի UWC Dilijan միջազգային քոլեջում, որն ուսանողներ ունի աշխարհի ավելի քան 60 երկրից։

Երախտագիտության կրթաթոշակը, որի ընդհանուր ֆոնդը 7 միլիոն դոլար է, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ևՄերձավոր Արևելքի հիմնադրամի համատեղ ձեռնարկումն է։ Ծրագրի տևողության ընթացքում Մերձավոր Արևելքի երկրներում հակամարտություններից, տեղահանություններից և աղքատությունից տուժած 100 երեխայի բացառիկ հնարավորություն կտրվի կրթությունը շարունակելու UWC միջազգային քոլեջներում։

Նախաձեռնությունը երախտագիտության դրսևորում է՝ ուղղված Մերձավոր Արևելքի ժողովուրդներին, որոնք հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, օթևան և սնունդ տվեցին հայ գաղթականներին։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտարարել են նաև Ամալ Քլունիի անվան կրթաթոշակի շարունակության մասին։ Արդեն երկրորդ տարին է այս կրթաթոշակը հնարավորություն է տալիս լիբանանցի մի ուսանողուհու անվճար սովորել UWC Dilijan քոլեջի երկամյա միջազգային բակալավրիատում։ Կրթաթոշակը տրվում է այն ուսանողուհուն, որը լավ է սովորում և հետաքրքրված է մարդու իրավունքներով ու միջազգային հիմնահարցերով։ Կրթաթոշակը հիմնվել է մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ամալ Քլունիի պատվին՝ նպատակ ունենալով ամրապնդելու միջմշակութային կրթությունն ու փոխըմբռնումը։

Ամալ Քլունիի կրթաթոշակառուն ընտրվել է ավելի քան 43 հոգանոց վերջնացուցակից՝ հատկապես գնահատվել է նրա բացառիկ առաջադիմությունը, լավատեսությունն ու սոցիալական պատասխանատվությունը, որը նա պլանավորում է լավագույնս դրսևորել իրավաբանական ուսման տարիներին:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իրականացնում և մասնակցում է մարդասիրական և սոցիալական նախագծերի՝ աշխարհի հայերի անունից։ Նախաձեռնության կարևոր նախագծերից է «Ավրորա» մրցանակը՝ 1 միլիոն դոլարի համաշխարհային մարդասիրական մրցանակ, որը ճանաչման է արժանացնում նրանց, ովքեր վտանգի են ենթարկում իրենց՝ ուրիշների կյանքը փրկելու համար։ 2016-ի ապրիլի 24-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին անդրանիկ մրցանակը հանձնեց Մարգարիտ Բարանկիցեին։

2017-ի «Ավրորա» մրցանակի դափնեկրի թեկնածուների առաջադրումներ կարելի է անել մինչև 2016թ. սեպտեմբերի 9-ը։ Յուրաքանչյուր մարդ կարող է առաջադրել այն մարդասերներին, որոնք աշխարհի տարբեր կողմերում ջանք չեն խնայում մարդկային կյանք փրկելու և մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Առաջադրել կարող եք այս հղումով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---