Դինքի սպանության գործով նոր տեսանյութ է հայտնվել համացանցում (վիդեո)

Դինքի սպանության գործով նոր տեսանյութ է հայտնվել համացանցում

PanARMENIAN.Net - Պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից 9 տարի անց նոր սկանդալային բացահայտումներ են հրապարակվել նրա սպանության գործի հետ կապված: Մասնավորապես համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Դինքի սպանության օրը մարդասպան Օգյուն Սամասթն իր քայլերն ուղղում դեպի «Ակօսի» խմբագրության շենք, այդ նույն տեսանյությում երևում են նույն տարածքում անհանգիստ այսուայն կողմ քայլող տղամարդիկ, որոնք, կարծես, նշան են տալիս Օգյուն Սամասթին, հաղորդում է Ստամբուլի հայ համայնքի թերթերից «ՀայԹերթ»-ը:

Տեսանյութում երևացող տղամարդիկ, ըստ Ստամբուլի դատախազության պնդումների, թուրքական ԶՈՒ-ի նախկին սպաներ են, որոնք ձերբակալվել են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո երկրում կատարվող կադրային զտումների և խուզարկությունների շրջանակներում, գրում է Tert.am-ը:

Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

Վեց սպա, որոնք փաստացի արդեն մեղադրվում են Դինքի սպանության գլխավոր պատասխանատուն լինելու համար, կասկածվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի և հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու համար:

2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո:

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---