Շարմազանով. Արցախահայությունն ինքնորոշվելու նույնքան իրավունք ունի, որքան ցանկացած այլ երկրի ժողովուրդ

Շարմազանով. Արցախահայությունն ինքնորոշվելու նույնքան իրավունք ունի, որքան ցանկացած այլ երկրի ժողովուրդ

PanARMENIAN.Net - Բոլորը պետք է գիտակցեն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն Արգենտինյան Հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի Արգենտինա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբերի անդամների հետ հանդիպմանը:

Էդուարդ Շարմազանովն արգենտինյան կողմին ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակը՝ մասնավորապես նշելով. «Մենք ապրում ենք մարտահրավերներով լի բարդ տարածաշրջանում, որտեղ մի կողմից Թուրքիան արդեն շուրջ երկու տասնամյակ ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանի Հանրապետությունը, մյուս կողմից Ադրբեջանն իր հանցագործ քաղաքականությամբ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանային անվտանգության և կայունության համար: Բոլորը պետք է գիտակցեն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Արցախահայությունն ինքնորոշվելու նույնքան իրավունք ունի, որքան ցանկացած այլ երկրի ժողովուրդ: Արցախի միջազգային ճանաչումն օրվա հրամայական է»: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ շփումները դրական ազդեցություն կունենան երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման վրա:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ որպես Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար՝ ցանկանում է հատուկ ընդգծել երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև սերտ կապեր հաստատելու անհրաժեշտությունը: Նրա համոզմամբ՝ բարեկամության խմբերի փոխգործակցությունը կարող է ներդրում ունենալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-արգենտինյան համագործակցության հաստատման գործում: ԱԺ փոխնախագահն Արգենտինա-Հայաստան բարեկամության խմբերին հրավիրել է այցելելու Հայաստան:

Հայկական պատվիրակության ղեկավարը կարևորել է հայ և արգենտինացի խորհրդարանականների՝ միջազգային հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը:

Հայկական պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը և Միքայել Մանուկյանը:

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի միջև փոխգործակցության համաձայնագիր է ստորագրվել, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---