Լավրովը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործումը

Լավրովը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործումը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում:

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող ակտուալ հարցեր` ներառյալ մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում, ասվում է հաղորդագրության մեջ:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովում պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---