Երևանը Fitch Ratings-ից միջազգային վարկանիշ կստանա

Երևանը Fitch Ratings-ից միջազգային վարկանիշ կստանա

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի և վարկային վարկանիշի ու վերլուծական հետազոտություններով զբաղվող առաջատար գլոբալ գործակալության՝ «Ֆիչ Ռեյթինգս»-ի (Fitch Ratings) միջև ստորագրվել է Երևան քաղաքի հանրային ֆինանսական բնագավառում միջազգային վարկանիշ շնորհելու գործընթաց իրականացնելու համար համագործակցության համաձայնագիր:

Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Ֆիչ Ռեյթինգս» կազմակերպության Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Դմիտրի Սուրկովը:

Առանձնակի կարևորելով «Ֆիչ Ռեյթինգս» կազմակերպության հետ համագործակցության հաստատումը` Մարգարյանը նկատել է, որ վարկանիշի ձեռք բերումը հնարավորություն կտա, որ Երևանը ևս ներգրավված լինի աշխարհի ֆինանսական քարտեզում, իսկ մայրաքաղաքի հանրային ֆինանսների կառավարման և ռիսկերի մասնագիտական գնահատականն ու ֆինանսական կայունության համապատասխան վարկանիշը տրվի հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից:

Սուրկովն էլ իր հերթին վստահեցրել է, որ կարճ ժամանակահատվածում համագործակցությունն արդեն իսկ գործնական ընթացք կստանա:

Քաղաքապետարանից նշում են, որ Երևան քաղաքի համար հանրային ֆինանսների բնագավառում միջազգային վարկանիշ ձեռք բերելու գործընթացի ամբողջական իրականացման արդյունքում, համաշխարհային ֆինանսական քարտեզից օգտվողների պարագայում այսուհետ տեսանելի կլինի Երևանը՝ իր միջազգային վարկանիշով, ինչը շահագրգիռ կառույցներին ու կազմակերպություններին հնարավորություն կընձեռի հստակ պատկերացում կազմելու, թե ներկայում զարգացման ինչ մակարդակ ունի մայրաքաղաքի ֆինանսական կառավարման համակարգը և քաղաքային տնտեսությունը։

Fitch Ratings-ը միջազգային կորպորացիա է. հիմնականում հայտնի է որպես վարկանիշային գործակալություն, որը անկախ ու հեռանկարայան գնահատական է տրամադրում համաշխարհային վարկային շուկաներին վարկունակության, վերլուծական հետազոտությունների և այլ տվյալների վերաբերյալ:Այն աշխարհի առաջատար երեք վարկանիշային գործակալություններից մեկն է համարվում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---