ԵԱՀԿ ՄԽ.Պատրաստ ենք կազմակերպել նախագահների կամ ԱԳ նախարարների հանդիպում

ԵԱՀԿ ՄԽ.Պատրաստ ենք կազմակերպել նախագահների կամ ԱԳ նախարարների հանդիպում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Էնդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ` շարունակելու քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- նշվում է հայտարարության տեքստում:

Համանախագահները նշել են, որ հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն են դարձրել վերջերս Վիեննայի (2016 թ. մայիս) և Սանկտ Պետերբուրգի (2016 թ. հունիս) գագաթնաժողովներում ընդունված որոշումների կիրառմանը:

«Մասնավորապես, մենք քննարկել ենք հետագա քայլերը, որոնք կարող են ստեղծել բարենպաստ միջավայր առարկայական բանակցությունների առաջընթացի համար, ինչն էլ կարող է հանգեցնել հակամարտության կարգավորմանը:Մենք մտքեր ենք փոխանակել այն առաջարկների շուրջ, որոնք կարող են քննարկվել կողմերի միջև: Մեր կառավարությունները պատրաստ են կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների կամ նախագահների հանդիպում նրանց համար ընդունելի ժամանակ:Մենք ծրագրում ենք մոտ ապագայում այցելել տարածաշրջան»:

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պյեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությանը։

Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է մերժում է իրականացնել գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջընթացի նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։

Կարդացեք նաև՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Մամեդյարովի հետ. Քննարկվել է ԼՂ հարցը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---