ՀՀ ԱԺ փոխնախագահը ՝ Պեկինում. Քննարկվել են կանանց սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրները

ՀՀ ԱԺ փոխնախագահը ՝ Պեկինում. Քննարկվել են կանանց սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Պեկինում Հերմինե Նաղդալյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Չինաստանի խորհրդարանի` Համաչինական ազգային ժողովրդական կոնգրեսի նախագահի տեղակալ, Կանանց համաչինական ֆեդերացիայի նախագահ Շեն Յուեյուի և Չինաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի տեղակալ Վան Իֆուի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց երկու կազմակերպության միջև 2014-ին կնքված համագործակցության ձեռքբերումները, ամփոփվել երկու տարվա ընթացքում հանրապետական և տարածաշրջանային մակարդակով կատարված աշխատանքների արդյունքները, նաև ուրվագծվել հետագա համագործակցության ուղիները` Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու գաղափարախոսության շրջանակում:

Երկուստեք կարևորվել են գործակցության զարգացման գլխավոր ուղղությունները, այդ թվում` կանանց սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրների, կանանց ձեռնարկատիրության, գենդերային շարժման, կանանց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցության, զբոսաշրջության, ՀՀԿ կանանց խորհրդի և Կանանց համաչինական ֆեդերացիայի մարզային կառույցների փոխադարձ շփումների ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին Կանանց համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալները, Չինաստանի ազգային ժողովրդական կոնգրեսի միջազգային վարչության աշխատակիցները:

Հանդիպումից հետո զրույցը շարունակվել է նաեւ ֆեդերացիայի փոխնախագահ Ցույ Յույի` ի պատիվ հայկական պատվիրակությանը տրված աշխատանքային ճաշի ընթացքում, որտեղ չինացի գործընկերները ներկայացրել են կանանց աջակցության՝ իրենց կողմից մշակված եւ իրագործվող ծրագրերը:

Սեպտեմբերի 22-ին ՉԺՀ խորհրդարանում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով նաեւ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավարն է, հանդիպել է չինական կողմից բարեկամական խմբի ղեկավարի տեղակալ Վան Իֆուի հետ:

Երկուստեք նշվել է, որ այսօր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերություններն իրենց բարձրակետին են հասել: Բարեկամական խմբի ղեկավար Վան Իֆուն ընդգծել է, որ այդ հարաբերությունների դինամիկան աչքի է ընկնում ոչ միայն բարձրաստիճան շփումների պարբերականությամբ, քաղաքական ու տնտեսական երկխոսության ինտենսիվությամբ, այլև դրանց որակով և խորությամբ:

Նա հիշեցրել է անցյալ տարվա ընթացքում ՀՀ կատարած այցը, բարձր մակարդակի ընդունելությունը, այցի ընթացքում կայացած ակտիվ աշխատանքային քննարկումները և ընդգծել դրանք զարգացնելու անհրաժեշտությունը:

«Քաղաքական գործչի, պատգամավորի պարտականութունն է մշտապես ձեռքը զարկերակին պահել, տեսնել և կանխատեսել զարգացումները և իրավիճակներն ու աշխատել լուծումներ գտնել», -նշել է Նաղդալյանը` փաստելով, որ այսօր արդեն տնտեսական կապերի առաջխաղացում է նկատվում, և Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2016-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է ավելի քան 44 տոկոսով, ինչն, իսկապես, հուսադրող է, բայց բավարար լինել չի կարող:

Նրա խոսքով՝ հսկայական տնտեսական նշանակություն ունեցող Չինաստան-Եվրասիա էքսպո- ցուցահանդեսին հայկական ընկերություններ չէին մասնակցում և հայկական տաղավար չկար:

Հանդիպման ընթացքում կարևորվել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված փոխադարձ ջանքերը, որոնք արդեն իրենց արդյունքներն են տալիս՝ առավել խորացնելով երկու ժողովուրդների միջև բարեկամությունը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ այցելությունների շուրջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---