«Հյուսիս-հարավը» վերակառուցող ընկերությունը հարկերից խուսափելու առանձնակի խոշոր դեպքի գործով է անցնում

«Հյուսիս-հարավը» վերակառուցող ընկերությունը հարկերից խուսափելու առանձնակի խոշոր դեպքի գործով է անցնում

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը, որ իրականացնում է խոշոր բիզնեսի վերահսկողություն, հարկային պարտավորություններից խուսափելու դեպք է բացահայտել:

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ, 8-րդ բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանի տեղեկացմամբ` ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնի և խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատակիցների կողմից բյուջեի հետ փոխհարաբերության ճշտության ստուգումներ են իրականացվել «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղում.

«Մեր կողմից իրականացված ստուգումների, ինչպես նաև ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների վերլուծության և համադրման, միջպետական հարցման և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով արձանագրվել է 2 մլրդ 600.000.000 դրամի ակտ և պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջարդվել մոտ 1 մլրդ դրամի հարկային պարտավորություն»:

«Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն»-ը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի հաղթողն է և Հայաստան է ներմուծել գեոդեզիական սարքավորում:

ՀՀ կառավարության 2014-ի որոշմամբ մինչև 2016թ. հունիսի 12-ը երկարացվել է «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի ներմուծած ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը:

Օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում միաժամանակ պարզվել է, որ ընկերությունը գործարքներ է իրականացրել ՀՀ-ում ռեզիդենտ հանդիսացող «3 Ջի քոնսթրաքշն», «Ֆեռունսա էյ էմ» և «Տեխնիքալ քովենանտ» ՍՊ ընկերությունների հետ:

Ըստ Գերասիմ Մկրտչյանի, թեպետ 3 ընկերությունը հիմնադրվել են ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից, սակայն կազմակերպությունների կառավարումը հանձնվել էր Հայաստանում գործող իրավաբանական խորհրդատվական ընկերությունների: Սակայն վերջիններիս գործունեության ուսումնասիրությունը հիմնավոր կասկածի տեղիք էր տվել. «Պարզվել է, որ այդ կազմակերպություններն իրենց աշխատողների թվաքանակով, ինչպես նաև նյութատեխնիկական առկա բազայով չէին կարող իրականացնել այն աշխատանքները, որոնք արտացոլված էին ներկայացված հաշվետվություններում»,-նշել է Մկրտչյանը:

3 ընկերությունն էլ գործարքների արդյունքում ստացել են խոշոր գումարի հասույթներ: Այսպես, «3 Ջի քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունում` 516 մլն դրամ, «Ֆեռունսա էյ էմ» ընկերությունում` 187 մլն դրամ և «Տեխնիքալ քովենանտ» ընկերությունում` 557 մլն դրամ: ՕՀՎ վարչության պետի տեղակալի դիտարկմամբ` գումարներն ամբողջությամբ ձևակերպվել են «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի հարկային հաշվառման մեջ և հիմք հանդիսացել հարկային պարտավորությունների հաշվարկման համար:

3 կազմակերպության վերաբերյալ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն` հետագա ընթացքը որոշելու համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---