ՌԴ ԱԳՆ-ն տեղեկություն չունի Ադրբեջանի հետ տակտիկական հրթիռների համատեղ արտադրության մասին

ՌԴ ԱԳՆ-ն տեղեկություն չունի Ադրբեջանի հետ տակտիկական հրթիռների համատեղ արտադրության մասին

PanARMENIAN.Net - Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, վերջերս Բաքվում կայացած ռազմարդյունաբերության ADEX 2016 ցուցահանդեսում ՌԴ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են տակտիկական հրթիռների համատեղ արտադրություն սկսել:

Ռուսաստանի ԱԳՆ-ից PanARMENIAN.Net ին հայտնել են, որ տեղեկություն չունեն ոչ ստորագրման փաստի, ոչ էլ համատեղ արտադրության մասին որևէ հուշագրի նախապատրաստման մասին:

«ՌԴ ԱԳՆ-ն տեղեկություն չունի ոչ հիշատակված հարցի վերաբերյալ հուշագրի ստորագրման, ոչ էլ որևէ այլ նման փաստաթղթի նախապատրաստման մասին: Մենք բազմիցս ենք պարզաբանել, որ ռազմատեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի հետ, իրականացվում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունը մանրակրկիտ կերպով հաշվի առնելով, արտահանման վերահսկման ազգային համակարգի կոշտ շրջանակներում, որոնք ամրագրված են ՌԴ դաշնային օրենսդրությամբ, և ՌԴ կողմից ստանձնած համապատասխան միջազգային պարտավորությունների խստիվ պահպանմամբ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիայից» մեկնաբանություն ստանալ այդպես էլ չհաջողվեց: Կորպորացիան, որի հետ Ադրբեջանն իբր պայմանավորվել է տակտիկական հրթիռների արտադրության մասին, թողարկում է «օդ-ցամաք», «օդ-օդ» տիպի հրթիռներ և ծովային սպառազինության համակարգեր:

Երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը «Իսկանդեր» հրթիռային համալիրներ է տրամադրել Հայաստանին, Ադրբեջանը հայտարարեց, թե իբր Իսրայելը մոտ ապագայում «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համալիրներ կառաքի Ադրբեջան: Ռազմական փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասել էր, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) «Երկաթե գմբեթ» համակարգի վաճառքը քիչ հավանական է:

Սեպտեմբերի 27-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտարարեց, որ Ռուսաստանյան 200 միլիոն դոլար վարկի շրջանակում սպառազինության մատակարարումը Հայաստան սկսվել է։ Դեսպանը նաև արձագանքել է Հայաստանին՝ ռուսաստանյան «Իսկանդեր» հրթիռային համալիրների վաճառքին՝ ընդգծելով՝ «այդ փաստը վկայում է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն դաշնակցային բնույթ»:

«Իսկանդեր»-ի վաճառքը նշանակում է, որ ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն: Սա նշանակում է նաև, որ մեր երկրների հարաբերությունները դաշնակցային են ու եղբայրական: Ինչ վերաբերում է 200 միլիոն դոլար վարկին, ապա վարկային համաձայնագիրն իրականացման փուլում է և այն իրականացվում է ըստ պլանի, ստորագրվել են պայմանագրային պարտավորությունները: Մատակարարումներն արդեն իսկ սկսվել են, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի», - ասել է Վոլինկինը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---