Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետը» կկատարի Թուրքիայում

Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետը» կկատարի Թուրքիայում

PanARMENIAN.Net - Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբն իր «Աղետ» համերգային ծրագրով հանդես կգա Թուրքիայում: Deutsche Welle-ի թուրքական ծառայությանը հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում կհնչի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» ստեղծագործությունը: Այն նաև ընդգրկվել է սիմֆոնիկ նվագախմբի այս ամսվա համերգացանկում:

Աղբյուրի բնութագրմամբ՝ այդ հանգամանքը կարող է թուրք-գերմանական հարաբերություններում նոր լարվածության առիթ հանդիսանալ:

Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկուս Ռինդտը նշել է, որ ստամբուլյան համերգը համեմատաբար փոքր շրջանակներում կիրականացվի: «Այս համատեքստում նախատեսում ենք Թուրքիայում ստեղծել գերմանա-հայ-թուրքական բարեկամության միություն: Դա նաև կնպաստի Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության զարգացմանն ու շարունակմանը: Բեմում միավորելով թուրք, հայ և գերմանացի երաժիշտներին՝ մենք ջանում ենք գործնականում ապրեցնել երկխոսությունը և խաղաղությունը, որպեսզի դա նաև շարունակություն ունենա», -ասել է նա:

Ռինդտը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ծրագիրը մեծ կարևորություն ունի նաև Գերմանիայի համար, քանի որ Գերմանիան իր պատասխանատվության բաժինն ունի Հայոց ցեղասպանության հարցում:

Նվագախմբի ղեկավարը պատմել է, որ հատուկ Ցեղասպանության հիշատակին նվիրված համերգաշարի համար երեք կոմպոզիտորների՝ թուրք Զեյնեփ Գեդիզլիօղլուին, գերմանացի Հելմուտ Օհրինգին և հայ Վաչե Շարաֆյանին ստեղծագորության պատվեր է տրվել:

«Ստեղծագործությանը կիթառով նվագակցող Մարկ Սինանի տատիկը հայ է, մայրը՝ թուրք, հայրը՝ գերմանացի: Սրանից հինգ տարի առաջ «Աղետի» գաղափարն առաջին անգամ հնչեցնողն էլ նա էր: Ստամբուլյան համերգին բեմում կլինեն և հայ, և գերմանացի, և թուրք արտիստներ», - ասել է Ռինդտը:

Իսկ գաղափարի հեղինակ Մարկ Սինանը նշել է, որ Ստամբուլում անցկացվելիք համերգով իրենք ուզում են ցույց տալ, որ համերշխության մեջ են թուրք արվեստագետների հետ և համարձակություն ունեն իրենց մտքերն ազատ արտահայտելու: Նա պատմել է, որ Օհրինգի այս ստեղծագործությունում մեծ է եղել Ցեղասպանությունից մազապուրծ իր հայ տատիկի կյանքի պատմության դերը:

2015թ. նոյեմբերին և 2016թ. ապրիլի 30-ին ու մայիսի 1-ին Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբը Գերմանիայի մի շարք քաղաքներում անցկացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» համերգաշարը: Այն ֆինանսավորվում էր Եվրամիության «Ստեղծագործ Եվրոպա» նախագծի կողմից:

Համերգից առաջ թուրքական կողմը հանդես էր եկել համերգի ֆինանսավորումը կանսեցնելու և այն արգելելու պահանջով: Բայց հակառակ գործադրված ճնշումներին՝ Թուրքիայի պահանջը չէր բավարարվել, իսկ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը իր աջակցությունն էր հայտնել ծրագրին:

«Աղետ» համերգաշարին ցուցաբերված ֆինանսական աջակցության պատճառով Թուրքիան հոկտեմբերի սկզբին հայտարարեց «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին իր մասնակցությունը կասեցնելու մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---