Նախարար. Պատրաստ ենք արձագանքել դիվերսիաների փորձերին ու տալ հակահարված

Նախարար. Պատրաստ ենք արձագանքել դիվերսիաների փորձերին ու տալ հակահարված

PanARMENIAN.Net - Հայկական Զինված ուժերը պատրաստ են արձագանքել ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձերին ու տալ անհրաժեշտ հակահարված: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Արցախում գտնվող նախարար Սարգսյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի հերթական սադրիչ գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ:

«Պետք է ասեմ, որ մեր պաշտպանության ամբողջ գաղափարախոսությունը կառուցված է այդպիսի փորձերի պարբերականության և հնարավոր կրկնության կանխավարկածի վրա, որովհետև մենք գիտենք, որ ադրբեջանական կողմն ունի հստակ և բացահայտ արտահայտվող ագրեսիվ վերաբերմունք և պարբերաբար շեշտում է ռազմական միջոցով խնդիրը լուծելու իր ցանկության և պատրաստակամության մասին:

Մեր մարտական հերթապահությունը կազմակերպվում է հենց այդ տրամաբանությանն արձագանքելու տեսանկյունից, և առիթ եմ ունեցել ասելու, որ նման փորձերը շարունակվելու են այնքան ժամանակ, որքան, ինչպես ժամանակին ասել է Իսրայելի վարչապետ Գոլդա Մեյիրը, նրանք չսկսեն սիրել իրենց զավակներին ավելի շատ, քան ատում են մեր զավակներին: Հետևաբար, մենք միշտ պետք է պատրաստ լինենք արձագանքելու, արձագանքելու ինչպես հակահարված հասցնելով, այնպես էլ պատժիչ միջոցառումներով՝ այդպիսի փորձերի ցանկությունը կանխելու համար», - ասել է նախարարը:

Սարգսյանը տեղեկացրել է, որ ԼՂՀ այցի ընթացքում անձամբ է համոզվել, որ հայ զինծառայողների մասնագիտական ու կամային հատկանիշները բարձր մակարդակի վրա են, գրում է Panorama.am-ը:

Սարգսյանի խոսքով, պետք է անեն այնպես, որպեսզի անկախ իր մասնագիտությունից, մարդն իրեն զգա ազգային բանակի մաս:

ՊՆ նախարարը անդրադարձել է ազգ-բանակ հայեցակարգին և պարզաբանել.

«Ազգ-բանակ հայեցակարգը չի նշանակում ազգի ռազմականացում, չի նշանակում առավոտյան քայլերթով աշխատանքի գնալ ու վերադառնալ: Դա բացարձակ այլ բան է նշանակում:

Իրականությունն այն է, որ մեր Զինված ուժերը կան և դեռ երկար ժամանակ, նույնիսկ անկախ ղարաբաղյան հարցի կարգավորումից, լինելու են անհամաչափ մեծ՝ մեր ազգաբնակչության նկատմամբ: Դա նշանակում է մարդկային, ֆինանսական, կառավարչական ռեսուրսների գերլարում՝ ԶՈՒ-ն պահպանելու համար»:

Նախարարը հավելել է. «Մենք ԶՈւ-ն պահելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ սպառնալիքներն ակնհայտ են և մեր առջևում են: Հետևաբար, մենք ունենք ընտրություն՝ կամ գերլարել մեր բոլոր ռեսուրսներն ու ասել, որ դեռ շատ երկար ապրելու ենք դժվար, որովհետև ռեսուրսների անհամաչափ մասը տալիս ենք ԶՈՒ-ին կամ հասկանալ, թե ինչպես այս իրականությունը վերածել հնարավորությունների դաշտի: Իսկ դա նշանակում է, օրինակ՝ զարգացնել գիտությունը՝ հաշվի առնելով մեր անվտանգության խնդիրները և դրա մեջ ավելի շատ գումար դնել, քան 3 մլն-անոց ժողովուրդը պետք է կարողանար դնել»:

Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի նախարարությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---