ԼՂՀ նախագահը՝ համանախագահներին. Բաքուն չի հրաժարվում հայատյաց քաղաքականությունից

ԼՂՀ նախագահը՝ համանախագահներին. Բաքուն չի հրաժարվում հայատյաց քաղաքականությունից

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը՝ խախտելով զինադադարի ռեժիմը և չհրաժարվելով հայատյաց քաղաքականությունից: Երկրի ղեկավարը կարևորել է զինադադարի ռեժիմի պահպանմանն ու խախտումների վերհանմանն ուղղված մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը՝ այն համարելով խաղաղ գործընթացի առանցքային բաղադրամասերից մեկը:

Սահակյանը երախտագիտություն է հայտնել ֆրանսիացի պաշտոնաթող համանախագահ Պիեռ Անդրիոյին` ազնիվ ու արդյունավետ աշխատանքի համար՝ նրան մաղթելով հաջողություններ կյանքում եւ հետագա աշխատանքում:

Հոկտեմբերի 22-ին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում:

Ավելի վաղ դիվանագետը հույս էր հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կպայմանավորվեն առաջիկայում հանդիպման մասին և կշարունակեն երկխոսությունը: Նա ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջիկա հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն Վիեննայում և Պետերբուրգում ավելի վաղ կայացված որոշումների իրականացմանն առնչվող հարցեր:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---