Սասունյան. WikiLeaks-ը բացահայտել է Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը հայկական հարցերի վերաբերյալ

Սասունյան. WikiLeaks-ը բացահայտել է Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը հայկական հարցերի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ամբողջ աշխարհը մեծ հետաքրքրությամբ հետևում է WikiLeaks-ի հրապարակած էլեկտրոնային ներքին նամակների հոսքին. ավելի քան 400.000 նամակ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, 2.8 մլն դիվանագիտական նամակ Միացյալ Նահանգներից, ավելի քան 30.000 նամակ, որոնք ուղարկել կամ ստացել է Հիլարի Քլինթոնը որպես պետքարտուղար, և հաքերային հարձակմամբ ձեռք բերված 27.000 նամակ ու հավելված Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեից: Այս մասին գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր հոդվածում:

Հարյուրավոր նամակների արտահոսքից Սասունյանն առանձնացրել է միայն մի քանիսը, որոնք վերաբերում են Հայաստանին կամ Թուրքիային.

1) 2015 թ. ապրիլի 19-ին, Հիլարի Քլինթոնի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, էլեկտրոնային նամակ է ուղարկել նախընտրական քարոզարշավի կես տասնյակ բարձրաստիճան աշխատակիցների, այդ թվում՝ ղեկավար Ջոն Պոդեստային՝ հետաքրքրվելով, թե արդյոք նրանք հանդես են գալու հայտարարությամբ Հայոց ցեղասպանության առաջիկա 100-րդ տարելիցի կապակցությամբ: Սալիվանը նաև ցանկացել է իմանալ, թե Քլինթոնը կօգտագործի՞ «ցեղասպանություն» եզրը, ինչպես դա արեց ութ տարի առաջ սենատոր և նախագահի թեկնածու եղած ժամանակ, թե՞ կխուսափի այդ եզրույթից, ինչպես դա արեց որպես պետքարտուղար:

Սալիվանը նշել է, որ «Սպիտակ տունը մինչև հիմա համառորեն խուսափում է օգտագործել «ցեղասպանություն» եզրը» և, հավանաբար, կշարունակի այդպես վարվել»: Սալիվանը հետաքրքրվել է, թե արդյոք Քլինթոնի նախընտրական քարոզարշավի շտաբը պետք է ակտիվորեն հանդես գա հայտարարությամբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, թե սպասի մինչև «Հայկական կազմակերպությունները» խնդրեն այդ մասին: Սալիվանն ավարտել է իր նամակը՝ ընդունելով, որ Հայոց ցեղասպանության հարցը «խիստ կարևոր է ամերիկահայերի համար»: Ժամեր անց, Պոդեստան առաջարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող խոսքերը ընդգրկել ցեղասպանության մասին հայտարարության մեջ, որը վերջին հաշվով, Քլինթոնի նախընտրական շտաբը որոշել է չհրապարակել...

2) Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առաջին խորհրդական Իսմայիլ Չոբանօղլուն, 2015թ. սեպտեմբերի 9-ին նամակ է ուղարկել նախընտրական քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստային՝ հարցնելով, թե արդյոք Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարող է «քաղաքավարական այց կատարել տիկին Քլինթոնին» Նյու Յորքում, սեպտեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում: Տարօրինակ է, որ Չոբանօղլուն նշել է, որ նա սկզբում դիմել է ԱՄՆ պետքարտուղարություն, սակայն իրեն պատասխանել են, որ տիկին Քլինթոնն այլևս պետքարտուղար չէ... Չոբանօղլուն գրել է Պոդեստային, որ Դավութօղլուն այս խնդրանքը կատարել է «պետքարտուղար Քլինթոնի հետ ունեցած իր վաղեմի բարեկամության լույսի ներքո, երբ նրանք երկուսն էլ գործընկերներ էին որպես պետքարտուղար և արտգործնախարար»:

Նույն օրը, Պոդեստան հայտնել է Չոբանօղլուն, որ Քլինթոնի «ժամանակացույցը խիստ ծանրաբեռնված է, սակայն սա կլինի առաջնահերթ հանդիպումների շարքում, եթե ընդհանրապես հնարավոր լինի, իսկ նախընտրական շտաբի փոխնախագահ Հումա Աբեդինը կհետևի դրան»: Այնուհետև Պոդեստան հարցրել է Աբեդինին. «Ինչպե՞ս եք ցանկանում այն կարգավորել»: Վերջինս հաջորդ օրը պատասխանել է Չոբանօղլուն՝ տեղեկացնելով, որ Հիլարի Քլինթոնը «ուրախ կլինի հանդիպել վարչապետի հետ, սակայն մենք համոզված չենք, որ դա տեղի կունենա Նյու Յորքում Ձեր առաջարկած օրերին: Մենք Ձեզ տեղյակ կպահենք, հենց որ հստակեցնենք նրա ժամանակացույցը: Շուտով կապ կհաստատենք իրար հետ»: Հայտնի չէ, թե արդյոք այդ հանդիպումը երբևէ տեղի ունեցավ:

3) 2010 թ. դեկտեմբերի 17-ին, Հումա Աբեդինը, որն այդ ժամանակ պետքարտուղար Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, փոխանցել է նրան Դաշնային վերաքննիչ դատարանի որոշման լուրը, որը թույլ էր տալիս Հայոց ցեղասպանության ժառանգներին փոխհատուցում պահանջել գերմանական ապահովագրական երեք ընկերությունից: Հետաքրքիր է և մտահոգիչ, որ Աբեդինը իր նամակի սկզբում նշել է, որ արտգործնախարար Դավութօղլուն անդրադարձել է այս դատական գործին Քլինթոնի հետ ավելի վաղ ունեցած իր հեռախոսային զրույցի ժամանակ: Հաջորդ օրը, պետքարտուղարության իրավախորհրդատու Հարոլդ Կոհը դատավճռի պատճենը ուղարկել է Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ջեյք Սալիվանին և պետքարտուղարի գործադիր օգնական Ջո ՄաքՄանուսին՝ խնդրելով նրանց այս կարևոր փաստաթուղթը փոխանցել Քլինթոնին: Կոհը հավելել է՝ «քանի որ արտգործնախարար Դավութօղլուն ուրբաթ օրը նրա հետ հեռախոսազրույցում նշել է այս մասին, ուստի ցանկանում ենք, որ սա հնարավորինս շուտ հասնի նրան»:

Սալիվանը դատավճիռն ուղարկել է պետքարտուղար Քլինթոնին՝ «Հույժ կարևոր» նշումով: Սասունյանի կարծիքով, սա Թուրքիայի արտգործնախարարի կողմից անօրինական և բացահայտ միջամտություն էր ամերիկյան դատական համակարգին՝ ձգտելով ստանալ պետքարտուղարի աջակցությունը՝ ճնշելու դատարանների վրա դատավճիռը բեկանելու հարցում... Հայտնի չէ, թե Քլինթոնը որևէ գործողություն ձեռնարկել է այս առումով, թե ոչ, սակայն դաշնային վերաքննիչ դատարանը հետագայում չեղյալ է համարել ավելի վաղ կայացրած որոշումը...

Եվ վերջապես, քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստայի 2016 թ. մարտի 17-ի էլեկտրոնային նամակում նշված են այն 39 անձանց անունները, որոնք համարվում էին Քլինթոնի փոխնախագահի հնարավոր թեկնածուները: Այդ ցանկում կա մի անսպասելի անուն՝ ծագումով թուրք ամերիկացի Մուխտար Քենթը, որը «Կոկա-կոլա» ընկերության նախագահն է: Նրա հայրը՝ Նեժդեթ Քենթը, եղել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Նյու Յորքում, որտեղ էլ ծնվել է Մուխտարը: Նա սովորել է Թուրքիայի Մերսին քաղաքի միջնակարգ դպրոցում: Ինչպես արդեն գիտենք, Քլինթոնը որպես իր մրցապայքարի գործընկեր ընտրեց ոչ թե Մուխտար Քենթին, այլ Թիմ Քեյնին:

Հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը հոկտեմբերի սկզբին գրել էր, որ ամերիկյան հասարակության շրջանում առկա է համատարած դժգոհություն և անվստահություն երկու հիմնական թեկնածուների՝ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի հանդեպ: Ամերիկահայերը նույնպես բացասաբար են տրամադրված այդ թեկնածուների նկատմամբ: Ավելի կոնկրետ՝ Քլինթոնը ցույց է տվել, որ հայկական հարցերով նրան չի կարելի վստահել, իսկ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը հայտնի չէ: Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Կարդացեք նաև՝ Սասունյան. Ավելի նպաստավոր է քվեարկել Կոնգրեսի անդամների օգտին, որոնց դիրքորոշումը հայկական հարցերում հայտնի է

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---